Մատչելիության հղումներ

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները


Ծանրամարտի Հայաստանի կանանց չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, օգոստոս, 2012թ․

Ծանրամարտի Հայաստանի կանանց չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, օգոստոս, 2012թ․

Առաջնության արդյունքում ձևավորված Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Այս օրերին կայացած ծանրամարտի մեծահասակների առաջնության արդյունքում հայտնի դարձան կանանց և տղամարդկանց Հայաստանի չեմպիոնները:

Կանանց պայքարում մրցում էր 27 մարզուհի 7 քաշային կարգերի մեդալների հավաքածուների համար: Առաջնությանը չմասնակցեց 69 կիլոգրամ քաշային Մելինե Դալուզյանը, ով դեռ չի վերականգնվել ձեռքի վնասվածքից: 48 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձավ Էլեն Գրիգորյանը: 58 կիլոգրամ քաշային կարգում հաղթողը Շուշան Հակոբյանն է: 63 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձավ Իզաբելլա Յայլյանը, 69-ում՝ Սոնա Պողոսյանը, 75-ում՝ Արևիկ Պապիկյանը: 75+ կիլոգրամ քաշային կարգի ֆավորիտ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը կարողացավ պահպանել առաջատարի իր դիրքը՝ երկամարտում արձանագրելով 235 կիլոգրամ արդունք:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի 77 կիլոգրամ քաշային կարգի ծանրորդներ աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը չմասնակցեցին երկրի առաջնությանը․ Մարտիրոսյանը դեռ նոր է ապաքինվել վնասվածքից, իսկ Միրզոյանը ցանկություն էր հայտնել չմասնակցել: Ինչպես նշեց տղամարդկանց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարտին հատուկ ստուգատես կանցկացվի այս քաշային կարգի երեք ուժեղագույն ծանրորդների՝ Տիգրան Մարտիրոսյանի, Առաքել Միրզոյանի և Անդրանիկ Կարապետյանի համար, որի արդյունքում էլ կորոշվի, թե ով ապրիլին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությունում կներկայացնի Հայաստանը:

Տղամարդկանց պայքարի մրցումային օրերին անակնկալներ չգրանցվեցին: 56 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Դավիթ Դավայանը, 62-ում՝ Սմբատ Մարգարյանը, 69-ում՝ Վանիկ Ավետիսյանը, իսկ 77-ում՝ Ժորժ Եղիկյանը: 85 կիլոգրամ քաշային կարգի ֆավորիտ Աղասի Աղասյանը ևս հաղթեց, 94 կիլոգրամ քաշային կարգի չեմպիոնը Մկրտիչ Մկրտչյանն է: Գերծանր՝ 105 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը, իսկ 105+ քաշային կարգի չեմպիոնը Սիմոն Մարտիրոսյանն է:

Առաջնության արդյունքում ձևավորված Հայաստանի հավաքականը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ նոյեմբերին՝ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն է ծանրորդների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG