Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ավելի մեծ թվով քաղբանտարկյալներ կան, քան Ռուսաստանում ու Բելառուսում միասին, ընդգծում է Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանը:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերով անհանգստացած ամերիկացի կոնգրեսականները լսումներ էին կազմակերպել, որպեսզի որոշեն, թե Վաշինգտոնն ինչպես պետք է արձագանքի Բաքվում տասնյակ քաղբանտարկյալների առկայությանը և ազատ խոսքի ճնշումներին:

Ադրբեջանը կարևորագույն դեր է խաղում որպես ԱՄՆ-ի գործընկեր և Եվրոպայի այլընտրանքային գազի մատակարար, սակայն չնայած դրան՝ Միացյալ Նահանգները չի կարող աչք փակել երկրում մարդու իրավունքների վատթարացող վիճակի վրա, հայտարարեց կոնգրեսական Դեյնա Ռորաբախերը՝ բացելով Կոնգրեսի Եվրոպայի ու Եվրասիայի ենթահանձնաժողովի լսումները Ադրբեջանում մարդու իրավունքների, էներգետիկ և անվտանգության խնդիրների վերաբերյալ:

«Ադրբեջանի 90-ից ավելի քաղբանտարկյալների առկայությունը չի անտեսվելու», - ընդգծեց կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունների որոշումը «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի Բաքվի ներկայացուցչությունը փակելու վերաբերյալ անընդունելի է:

Կոնգրեսական Գրեգորի Միքսը նույնպես ընդգծեց, որ տնտեսական շահերը և էներգետիկ համագործակցությունը չեն կարող ստիպել ամերիկյան կողմին անտեսել քաղաքացիական հասարակությանը վերաբերող խնդիրների առկայությունն Ադրբեջանում:

Ամերիկացի մեկ այլ օրենսդիր՝ Ալբիո Սայրեսը շեշտեց, որ Վաշինգտոնի անհանգստությունն են հարուցում Ադրբեջանում առկա շատ հանգամանքներ, այդ թվում՝ կառավարության շրջանում լայն կոռուպցիան և մարդու իրավունքների չարաշահումները:

Լսումներին որպես փորձագետ հրավիրված Քեննանի ինստիտուտի դոկտոր Օդրի Ալսթադը նշեց, որ վերջին 10 տարիների ընթացքում ադրբեջանական իշխանություններն անընդմեջ հեռացել են մարդու իրավունքների պահպանումից:

«Այսօր Ադրբեջանը ժողովրդավար երկիր չէ, և կառավարությունը մարդու իրավունքները չի հարգում», - ընդգծեց Ալսթադը:

Նա հիշեցրեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խոսքերը, որը վերջերս ասել էր․ - «Ադրբեջանում իմ բոլոր գործընկերներին բանտարկել են»:

«Այս ճնշումները Ադրբեջանում ունեն նաև միանշանակ հակաամերիկյան բնույթ», - ասաց փորձագետը:

Ալսթադը հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հոդված էր հրապարակել, որում մեղադրում էր Միացյալ Նահանգներին Վրաստանում և Ուկրաինայում հեղափոխություններ կազմակերպելու մեջ, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը վերագրում էր Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու Վաշինգտոնի փորձերին:

«Բաքվի իշխող վերնախավը միևնույն ժամանակ չի ցանկանում կորցնել Արևմուտքից ստացվող եկամուտները և արևմտյան երկրներում շռայլ կյանք վայելելու հնարավորությունը», - ասում է դոկտոր Ալսթադը:

Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն դոկտոր Սվանտե Կորնելը կարծիք հայտնեց, թե Միացյալ Նահանգները պետք է ոչ թե կենտրոնանա միայն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վրա, այլև բավարար ուշադրություն հատկացնի անվտանգության խնդիրներին և էներգետիկ գործընկերությանը: Փորձագետի կարծիքով, Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոցների կիրառումն այս պահին արդյունք չի բերի, փոխարենը՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ավելի լուրջ ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ:

«Անհրաժեշտ է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի կցել բանակցություններին՝ որպես Մինսկի խմբից բարձր մարմին, որը կողմերին կհորդորի նստել բանակցությունների սեղանի շուրջ և ավելի լուրջ կհամագործակցի Եվրոպայի հետ այս հարցում», - «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում մանրամասնեց Կորնելը:

Լսումներին մասնակցող երրորդ փորձագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը նշեց, որ կարծիք կա, թե ԱՄՆ-ը և Եվրոպան այսօր ավելի մեծ կարիքն ունեն ադրբեջանական նավթի, քան Ադրբեջանն ունի նրանց կարիքը: Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ Ադրբեջանն ունի 90-ից ավելի քաղբանտարկյալ, որոնց անհրաժեշտ է ազատ արձակել:

«Ադրբեջանում ավելի մեծ թվով քաղբանտարկյալներ կան, քան Ռուսաստանում ու Բելառուսում միասին», - ընդգծեց Կոզլարիչը:

Փորձագետի կարծիքով, եթե Միացյալ Նահանգներին չհաջողվի առաջընթաց ապահովել Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանման ոլորտում, ապա հնարավոր է քննարկվի պատժամիջոցների ընդունման հարցը:

«Ադրբեջանը հրաժարվում է բազմաթիվ արժեքներից, որոնք ընդունել էր դեռ նախկին նախագահ Հեյդար Ալիևը, այսպիսով՝ մենք իրոք շատ բարդ դրության մեջ ենք», - ասաց Կոզլարիչը:

Լսումների ավարտին կոնգրեսականները նշեցին, որ խնդրի կարևորությունը ստիպում է ԱՄՆ-ին ավելի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանի գործընթացներում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG