Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն կգտնի Ծառուկյանի հարգելի բացակաները անհարգելի դարձնելու եղանակը


Ազգային ժողովի նախագահը արդեն հանձնարարել է ուսումնասիրել բոլոր պատգամավորների բացակայությունները, այսօր հայտնեց խորհրդարանի տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։

Պատգամավորի բացակայությունը հարգելի է, թե անհարգելի, ըստ կանոնակարգ օրենքի՝ որոշում է Ազգային ժողովի նախագահը: Սակայն ուշագրավ է, որ օրենքը կոնկրետ ժամկետ է սահմանում. եթե պատգամավորը բացակայել է քվեարկությունների ավելի քան կեսից, ապա բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգում, այսինքն եթե որևէ պատգամավորի բացակայությունը անհարգելի համարվեր, այդ հարցը արդեն իսկ պետք է քննարկված լիներ փետրվարի 2-5-ը կայացած քառօրյայի ընթացքում։ Սակայն 7-րդ նստաշրջանի առաջին քառօրյայում նման հարց չի քննարկվել:

Ինչպես նշում է խորհրդարանի աշխատանքները մոնիտորինգի ենթարկող կազմակերպությունը, նախորդ՝ 6-րդ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին բաց է թողել 15 պատգամավոր, բոլոր պատգամավորների, այդ թվում և Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մի մասը Ազգային ժողովի նախագահը համարել է հարգելի։ Այսպիսով նրանց մանդատից զրկելու հարցը օրակարգում չի հայտնվել։ Սակայն ամեն ինչ հնարավոր է վերանայել, ասում է Արսեն Բաբայանը։

«Արդեն որոշումներ կան, թե որ պատգամավորների բացակայությունները հարգելի են համարվել, և որը՝ ոչ։ Բայց դա չի նշանակում, թե իրավունք չունեն վերանայելու այդ ամբողջ գործընթացը»,- ասաց Բաբայանը։

Թե ինչ հիմքով կարող են արդեն հարգելի համարված բացակաները անհարգելի համարվել, պարզ չէ, սակայն հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահ է՝ կգտնեն օրենքի անհրաժեշտ կետը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու համար։

«Դա հաստատ չի լինի օրենքի խախտում, որովհետև եթե մենք խոսում ենք օրենքի խախտումներից, մենք իրավունք չունենք ինքներս անել այդպիսի քայլ։ Այստեղ արդարության և անարդարության խնդիր չէ։ Նախագահը իր ելույթում մանրամասնորեն նշեց, թե ինչ գործընթացներ հանգեցրին այս վիճակին։ Մեզնից որևէ մեկը չէր ուզենա, որ այս վիճակը լիներ, բայց դա մենք չենքստեղծել։ Պարոն Ծառուկյանը ինքն է ստեղծել իր գլխին այս վիճակը»,- հայտարարեց Եսայանը։

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ սխալ են արել, հանդուրժել են այսքան ժամանակ, սակայն սխալներն ուղղելու ժամանակն է.- «Եվ մարտնչող տգիտությունը թիվ մեկ մարտահրավերն է, որ կա մեր երկրում։ Այլ խնդիր է՝ ինչո՞ւ ենք հանդուրժել։ Սխալ ենք արել, որ հանդուրժել ենք, բայց ավելի լավ է սխալները ուղղել, քան թե սխալները կրկնել»։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ ժամանակ էր տրվել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա ևս մեկ անգամ իր ասածների մասին մտածի, սակայն երբ պատասխանը եղել է հուժկու միտինգների մասին հայտարարությունը, որը, ըստ ՀՀԿ-ականի գործչի, հղի է ներքին ու հետևաբար արտաքին ցնցումներով, իշխող կուսակցությունը որոշել է պատասխանել։

«Սա բավականին ուշացած է, ՀՀԿ-ի բոլոր գործընկերները բազմիցս ասել են, թե ինչքան կարելի է համբերել։ Նախագահը մինչ այս տարբեր մեսիջներով հնարավորություն էր տալիս, բայց իրավիճակը այնպիսին էր, որ արդեն վերջնագրերով էին խոսում, ուլտիմատներով էին խոսում, այսինքն այդ պատասխանը պետք է տրվեր»,- ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե արդյոք իշխող քաղաքական ուժն է որոշում, թե ով կարող է հավակնել նախագահի աթոռին, ով՝ ոչ, Բաղդասարյանը պատասխանեց.- «Ժողովուրդն է որոշում դա, բայց իշխող քաղաքական ուժը պետք է կատարի իր քայլերը»։

Ծառուկյանին ունեզրկելու ցանկության մասին լուրերին արձագանքելով՝ Բաղդասարյանը ասաց.- «Նման ցանկություն չկա, ես նման երանգներ չզգացի այդ հայտարարության տեքստից։ Ո՞նց եք նայում, որ երեք տարի ընդհանրապես Ազգային ժողով չի եկել կամ չորս նիստի է եկել ընդամենը 15 րոպեով։ Նորմա՞լ եք համարում»։

Չնայած Գագիկ Ծառուկյանը արդեն այսօր հստակ դրեց արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը և Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, Վահրամ Բաղդասարյանը արտահերթ զարգացումներ չի սպասում։

«Չի կարող նման բան լինել, պատրաստվեք 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Չկան դրա հիմքերը»,- ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը։

XS
SM
MD
LG