Մատչելիության հղումներ

ԵՄ-ն չի գերագնահատում Մինսկի համաձայնության նշանակությունը


ԵՄ-ն չի գերագնահատում Մինսկի համաձայնության նշանակությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:30 0:00

Պատժամիջոցները դեռ մնում են ուժի մեջ։

Եվրոպական միության ղեկավարները ընդգծված զգուշավորությամբ են գնահատում Մինսկում Ուկրաինայի ճգնաժամի հարցով «նորմանդյան քառյակի» երկարատև բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը։

Երեկ Բրյուսելում նրանք հայտարարել են, որ հրադադարը պետք է պահպանվի, այլապես պատժամիջոցները վերանայելու հարց չի էլ արծարծվի։ «Նորմանդյան քառյակի» ձևաչափով բանակցությունների մասնակից Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով հենց Մինսկից է մեկնել Բրյուսել, ասել է, թե շատ կարևոր է շարունակել ճնշում գործադրելու քաղաքականությունն այնքան ժամանակ, որքան կպահանջվի Ուկրաինայում հարատև խաղաղություն հաստատելու համար։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով որպես «նորմանդյան քառյակի» անդամ` նույնպես Մինսկից էր մեկնել Բրյուսել, երեկ Եվրամիության գագաթնաժողովում մինսկյան համաձայնության մասին ասել է, որ «այն հույսի նշույլ է, ոչ ավելի, ոչ պակաս»։

Երեկ Բրյուսելում խնդրին է անդրադարձել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Մենք շատ զգուշավոր ենք, որովհետև այսպես կոչված մինսկյան համաձայնությունների հարցում դառը փորձ ունենք։ Մեր վստահությունը պարոն Պուտինի բարի կամքի հանդեպ բավական սահմանափակված է, հենց այդ է մեզ պարտադրում ուժի մեջ պահել պատժամիջոցները»,- ասել է Տուսկը։

Փետրվարի 16-ին Եվրամիությունը կարող է պատժամիջոցների ցանկում ընդգրկել ևս 19 ռուսաստանցիների և ռուս անջատականների, ինչպես նաև 9-ը ձեռնարկությունների անուններ։ Որոշումն արդեն հաստատվել է, բայց կիրառումը հետաձգվել մինչև երկուշաբթի։ Հարցի լուծումը կախված կլինի խաղաղության համաձայնության իրականացումից։

Փետրվարի 15-ին Արևելյան Ուկրաինայում պետք է ուժի մեջ մտնի հրադադարը։ Դրանից երկու օր անց կողմերը պետք է սկսեն հետ քաշել ծանր տեխնիկան։ Այսօրվա դրությամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 132 անձանց և 28 հիմնարկների նկատմամբ։

«Պուտինը պետք է հստակ իմանա, քանի դեռ նա չի փոխում իր կեցվածքը, պատժամիջոցներ չեն վերանայվի»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել է Մինսկի համաձայնությունը, այդ մասին հայտնել է Պետական դեպարտամենտը։

«Ուկրաինային պետք է խաղաղություն, ժամանակ, որ վերականգնի արժանապատվությունը, վերադառնա բարեփոխումներին, պատասխանի Մայդանի պահանջներին»,- ասել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։

Պետքարտուղար Ջոն Քերրին ընդգծել է, որ պատժամիջոցները մեղմելու կամ չեղյալ հայտարարելու միակ տարբերակը` Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն է։

Մինչդեռ, մարտական գործողությունները, գործնականում, նույն թափով շարունակվում են, այսօր այդ մասին ասել է Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Անդի Լիսենկոն։

«Ապստամբների կողմից հրետակոծությունների թիվը ոչ թե նվազել, այլ նույնն է մնացել, սակայն ընդարձակվել է դրանց աշխարհագրությունը, նախկինում նրանք 30-32 բնակավայր էին հրետակոծումն, անցած 245 ժամում` 48»,- ասել է Լիսենկոն։

Ռուս անջատականներն էլ հաղորդում են ուկրաինական բանակի կողմից հրետակոծության դեպքերի մասին։ Ըստ նրանց, Լուգանսկի շրջանում զոհվել է 4 և վիրավորվել է 5 խաղաղ բնակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG