Մատչելիության հղումներ

Քննություն՝ որդեկորույս մայրերին քաշքշած ոստիկանների գործողությունների առնչությամբ


Քննություն՝ որդեկորույս մայրերին քաշքշած ոստիկանների գործողությունների առնչությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել երկու օր առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ ոստիկանները բռնի ուժով նախագահական նստավայրի առջևից հեռացրեցին բանակում որդի կորցրած սևազգեստ կանանց՝ նրանց թևերն ընկած քարշ տալով մյուս մայթ։

Որդեկորույս մայրերը որդիների նկարները պահած նախագահ Սերժ Սարգսյանից հանդիպում էին պահանջում, երբ նրանցից պահանջեցին դիմացի մայթ տեղափոխվել։

Ավտոմեքենաների արանքով, Բաղրամյան պողոտայի մի մայթից մյուսը կանանց քարշ տալուց հետո՝ ոստիկանները ստիպված եղան սպասել շտապօգնության անձնակազմին։ Կանանցից մեկն ուշագնաց էր եղել։ Իրավապահների վերաբերմունքից զայրացած ու վիրավորված մայրերըգնացել էին ոստիկանություն՝ բողոքելու, բայց ապարդյուն։ «Ազատության» հետ զրույցում Գոհար Սարգսյանն ասում է՝ այստեղ ևս արդարացրել են ոստիկանների գործողությունները։

«Մեզ ընդունեց ոստիկանության վարչության աշխատակազմի ղեկավարը, ասաց՝ ճիշտ են վարվել ոստիկանները, իրավունք ունեին դուբինկեքով էլ ծեծել...»,- պատմեց Սարգսյանը։

Տարիներ շարունակ որդիների մահվան մեղավորներին հայտնաբերելու, պատժելու համար պայքարող կանայք տարակուսած են՝ ինչպես ստացվեց, որ մի քանի ամիս առաջ նույն վայրում կարելի էր խաղաղ ակցիա անցկացնել, իսկ այդ օրը հանկարծ ոստիկանները հիշեցին օրենքն ու դրա սահմանափակումները։

«Թեկուզ սխալ էի կանգնել, իհարկե, իրավունք չունեին... մենք մեր նախագահի ասած՝ ապահով երկրում ենք ապրում, ու սա՞ է նրա ապահով Հայաստանը։ Իրենք ինձ էնպես հրեցին, որ ոտքս սայթաքեց, ու ընկա։ Փոխանակ օգնեն բարձրանամ...»,- պատմում էր մայրերից մեկը։

Գոհար Սարգսյանի որդու՝ Տիգրան Օհանջանյանի մահվան պատճառը իրավապահները դեռ չեն հայտնաբերել, չնայած արդեն անցել է 9 տարի։ Մայրը պնդում է, որ որդուն սպանել են։ Կինն ասում է, թե նախագահականի դեպքը ցույց տվեց, որ իշխանությունները չեն ուզում բացահայտել իրենց որդիների մահվան իրական պատճառները։

«Հենց այդ գործերը ցանկություն չկա բացահայտելու, ես կարող եմ իմ գործի վերաբերյալ ասել՝ այդ ժամանակ իմ տղայի սպանությունը կատարվել է Կարճաղբյուրում, կորպուսի հրամանատարը եղել է Հայկազ Բաղմանյանը»,- ասաց Սարգսյանը։

Որդեկորույս մայրերը դեռ նոյեմբերին նամակ էին հղել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ընդունել ու լսել իրենց։ 3 ամիս է անցել՝ որևէ պատասխան չկա։ Սա էլ նրանց բերել էր նախագահական նստավայր։

«Ինչի՞ համար, ես չեմ ուզում իր էրեխու արյուն հենց այնպես գնա կորի»։

Դեպքի օրը նախագահական նստավայր էին եկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անդամները։ Պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ կատարվածին իրավական գնահատական կտան ոստիկանության պարզաբանումը ստանալուց հետո միայն։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել, մտահոգիչ է, ասում է օմուդսմենի տեղակալը։

«Եթե նախկինում նույն այդ տարածքում այդ նույն մարդիկ հավաքներ են իրականացրել, բայց ոստիկանության գործողությունները չեն եղել այնպիսին, ինչպիսին մենք տեսանք վերջին անգամ, ինչպե՞ս է սա պարզաբանելու ոստիկանությունը։ Այստեղ իրականում այդքան էլ ողջամիտ հեռավորության խնդիրը չէ։ Եթե խոսենք ողջամիտ հեռավորության մասին, մի հեռավորությունը չի կարող տասն օր առաջ լինել ողջամիտ, իսկ տասն օր հետ այդ հեռավորությունը դառնալ ոչ ողջամիտ»,- ասաց Գրիգորյանը։

Դեպքի առթիվ ծնողներն այսօր դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու ոստիկանություն՝ մեղավորներին բացահայտելու ու պատժելու պահանջով։

XS
SM
MD
LG