Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները նախագահի ելույթը ինքնախոստովանանք են որակում


Ըստ Սաքունցի, անօրինականությունների, քրեական հանցագործությունների, կոռուպցիայի անմիջական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ըստ իրավապաշտպանների, մի շարք հանցագործությունների ինքնախոստովանանք էր։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հիշատակելով նախագահի խոսքերը, թե ինքն է «աճեցրել մտավոր ցածր ունակություններով վայ քաղաքական գործչին՝ աչք փակելով նրա գործունեության հետ կապված մի շարք հարկային թերացումների ու խախտումների մասին լուրերի վրա», փաստում է՝ այս ամենի պատասխանատուն առաջին հերթին Սերժ Սարգսյանն է։

«Անօրինականությունների, քրեական հանցագործությունների, համատարած և համակարգված կոռուպցիայի, այս ամեն ինչի անմիջական պատասխանատուն ինքն է, իր հայտարարության իմաստը դրանում էր», - ասաց Սաքունցը։

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ՝ նախագահն իր ելույթով ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են բացառապես հանրապետականների քմահաճույքով։

«Բոլորը տեսան, թե ինչպիսի օրենքներ, ինչպիսի մոտեցումներ, ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանում տարիներ շարունակ. ամեն ինչը կապված է եղել ընդամենը մեկ անձի կամքից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիվիրյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց գրագիտության, մտավոր ցածր ունակությունների ու մականունավորների մասին խոսելուց առաջ իր շուջը նայել։ Հանրապետական կուսակցությունում, ըստ Ալեքսանյանի, նրանց պակասը չի զգացվում։

«Հենց այդ պահին նսեմացնում է մարդուն, բայց իր կողքը նստած են կրիմինալներ։ Մենք գիտենք չէ՞, այնդեղ կարող է լինի «Շմայս»ը, «Լիսկա»-ն, չգիտեմ..., բազմաթիվ են, և նախագահը դա լեգիտիմացնում է», - ասաց իրավապաշտպանը։

Փորձագետների պնդմամբ՝ Հայաստանում Սահմանադրությունը չի գործում, և միակ որոշողը Սերժ Սարգսյանն է։ Նրանք ընդգծեցին հանրապետականների երեկվա խոսքերը, թե «Ծառուկյանին մեկուսացնելու որոշումը կայացրել են այն ժամանակ, երբ հարմար են գտել»։ Ըստ իրավապաշտպանների, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ նրանք, ովքեր վարչակազմին դուր չեն գալիս, պարզապես հեռացվում են ասպարեզից։

«Ճժեր էս կողմ, ճժեր էն կողմ, գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ, դա է իր մոտեցումը։ Ցանկացած այն բիզնեսմենը կամ քաղաքական գործիչը, որը չի ենթարկվի իրեն, ապա նա կպատժվի, իսկ նրանք, ովքեր իրեն ենթարկվում են, ուրեմն, դրանք օրենքից դուրս են և օրենքից վեր են, ինչպես ինքն է իրեն զգում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

Եթե նիստերից բացակայելը մանդատից զրկելու հիմք է, ապա ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ընդհանրապես չի ցրում Հանրապետական կուսակցությունը, հարց հնչեցրին իրավապաշտպանները՝ մատնանշելով, որ իշխող կուսակցության մականունավոր օլիգարխներից շատերը քաղաքակական գործունեությանը զուգահեռ տնօրինում են նաև բիզնեսների։

Հենց երեկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Սերժ Սարգսյանի ելույթից ընդամենը մի քանի րոպե անց հայտարարեց դրա մասին. - «Իմ բիզնեսները բազմաթիվ չեն ընդամենը մեկն է, եթե դա ձեզ այդքան հետաքրքրում է, և ինքն էլ հարկային մարմինների հետ կապված որևէ անօրինականություն թույլ չի տալիս»։։

Ժաննա Ալեքսանյանը հորդորեց նախագահին փոփոխությունները սկսել սեփական շրջապատից. - «Եթե երկրի նախագահը փորձ էր անում երեկ ինչ-որ բան փոխել ու կոնկրետ անձով, նախ թող իր շրջապատը մաքրի, իրենից սկսի, իր եղբորից սկսի»։

Արգիշտի Կիվիրյանն էլ նկատեց՝ Հայաստանում վաղուց արդեն քաղաքական մենաշնորհը պատկանում է հանրապետականներին, և եթե նույնիսկ ընդդիմության շարքերում կան նախագահի մատնանշած մտավոր ունակություներով ցածր մարդիկ, ապա դա որևէ կերպ չի խանգարում երկրի զարգացմանը, քանի որ ընդդիմադիրները, միևնույնն է, որոշումների կայացման վրա ազդելու լծակներ չունեն։

«Բայց հենց որ իշխող կուսակցության մեջ կան այդ անգրագետները, կան այդ անմեղսունակներն, իրենց գործողությունների շնորհիվ է, որ երկիրը հայտնվում է այս օրին՝ այսինքն առաջին հերթին որպեսզի երկրում տեղի ունենան որևէ դրական գործընթացներ, թող իշխող կուսակցությունը ինքնամաքրվի իր անգրագետներից, ոչ քաղաքական գործիչներից և այդ անմեղսունակներից», - ասաց Կիվիրյանը։

XS
SM
MD
LG