Մատչելիության հղումներ

ԱՄՆ նոր դեսպանը հավատարմագրերը հանձնեց Հայաստանի նախագահին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այն կնշանավորվի հայ - ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և պատրաստակամ է շարունակել ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցությունը: Նա միաժամանակ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Միլսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում համագործակցությունը: Դեսպանի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը շահագրգիռ է աշխատելու հայ - ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական հարցերով հայ - ամերիկյան հանձնաժողովի գործունեությունը, քննարկել են նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և արտերկրում տեղի ունենալիք միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG