Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կարող է մոտ ապագայում Ռուսաստանին հանձնել «Միստրալ»-ները


Ֆրանսիա - «Միստրալ» տեսակի «Վլադիվոստոկ» ավիակիրը Սեն Նազեր նավահանգստում, դեկտեմբեր, 2014թ․

Ֆրանսիա - «Միստրալ» տեսակի «Վլադիվոստոկ» ավիակիրը Սեն Նազեր նավահանգստում, դեկտեմբեր, 2014թ․

«Նավերը փոխանցելու հրահանգը կարող է Ելիսեյան պալատից հնչել արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում»:

Մինսկում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով հաջողությամբ ավարտված բանակցություններից հետո կարող է լուծվել նաև ավիակիր երկու ռազմանավերի` «Միստրալ»-ների շուրջ ռուս - ֆրանսիական վեճը։

Ֆրանսիան Ռուսաստանի համար 1 միլիարդ 200 միլիոն եվրոյով կառուցած երկու նավերը պատվիրատուին չէր փոխանցում՝ պնդելով, որ դա հնարավոր չէ, քանի դեռ Ուկրաինայի արևելքում արյունալի պատերազմ է մոլեգնում։

«Միստրալ» տեսակի ավիակիրները դեսանտային ուղղաթիռներ են փոխադրում։

«Նավերը ռուսներին փոխանցելու հրահանգը կարող է Ելիսեյան պալատից հնչել արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել է ռազմական և դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած անանուն պաշտոնյան և ավելացրել. - «Առաջին «Միստրալ»-ը կարող է ամբողջությամբ պատրաստ լինել մինչև մարտի առաջին կեսը»։

Պաշտոնյան նաև նշել է, որ Ֆրանսիան էլ հավանաբար ցանկանում է լուծել «Միստրալ»-ների շուրջ վեճը, քանի որ դրանց սպասարկումը բավական թանկ է, բացի այդ՝ ինքը վեճը վնաս է հասցնում Ֆրանսիայի վարկին։

Ռուսաստանցի որոշ քաղաքական գործիչներ հրապարակավ պնդում էին, թե Մոսկվան կարող է Փարիզից հետ պահանջել ոչ միայն գործարքի գումարը, այլև 800 միլիոն եվրո յուրաքանչյուր չփոխանցված նավի համար։

Այդուհանդերձ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հանդիպելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ով կարճատև վայրէջք էր կատարել Ղազախստան մեկնելու ճանապարհին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել էր, որ Կրեմլը տուգանքի խնդիր չի արծարծի։ «Իհարկե, մենք հուսով ենք, որ եթե նավերը չտան, ապա փողը կվերադարձնեն, այլապես մենք ըմբռնումով կընդունենք իրավիճակի ցանկացած զարգացում»,- ասել էր Պուտինը։

Անցյալ տարվա նոյեմբերի կեսին Օլանդը կարգադրել է անորոշ ժամանակով հետաձգել նավերի փոխանցումը Ռուսաստանին։ Առաջին ավիակիրը, որի անունն է «Վլադիվոստոկ», դեռ սեպտեմբերին էր պատրաստ, մեկ անգամ նաև դուրս էր եկել բաց ծով և բարեհաջող վերադարձել նավահանգիստ։

XS
SM
MD
LG