Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը՝ «դարավոր բարեկամությունն ամրապնդելու միջոց»


Պաշտոնական տեսքով, կոստյումներով ու փողկապներով մոտ 150 երիտասարդներ այսօր ու վաղը Երևանում քննարկումներ կանցկացնեն հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ամրապնդելու համար:

Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովի մասնակից Սոս Հակոբյանը Կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահն է, ապագա իրավաբան։

«Նպատակն համագործակցության որոշակի ուղենիշեր գծելն է հասարակական կազմակերպությունների, երիտասարդության, Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը հուսամ՝ կստացվի։ Սա, իմ կարծիքով, ողջունելի է, քանզի օգուտ են տալիս այն միջոցառումները, որոնք համահունչ են երկրի քաղաքականությանը, այսինքն ինտեգրացիոն պրոցեսներին»,- ասաց Հակոբյանը։

Ալեքսեյ Լյուբցովը ռուսական կողմի կազմակերպիչներից է։

«Որքան հաճախ և շատ հանդիպեն մեր երիտասարդները, որքան հասարակական կազմակերպություններ համագործակցեն միմյանց հետ, այնքան կամրապնդվեն հայ-ռուսական հարաբերությունները»,- ասում է նա։

Երևանի կենտրոնում, բարձրակարգ հյուրանոցներից մեկի 4 տարբեր սրահներում հավաքված երիտասարդները ծանոթանում էին, քննարկում տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում երկու երկրների երիտասարդական խորհրդարանների անդամները։ Ներկայանալիս կուսակցական պատկանելությունը շեշտում էին հատկապես իշխող կուսակցության անդամները: Չէին թաքցնում, որ նպատակ ունեն պետական ծառայող դառնալ։ Հայ-ռուսական մերձեցման համար սրահներից մեկում անգամ անսպասելի առաջարկ եղավ՝ կազմակերպել պատերազմի մասին երգերի փառատոն։

Վիկտորիա Սալտիկովան երիտասարդ ձեռներեց է։ Գիտի՝ ժամանակը փող է, չի ուզում, որ այստեղ անցկացրած քննարկումները լոկ խոսքուզրույցով ավարտվեն:

«Հույս ունեմ, որ Հայաստանում այս ֆորումն ավելի արդյունավետ կլինի և ձևական կողմից կանցնենք նաև կոնկրետ գործողությունների»,- ասաց Սալտիկովան։

Հայ-ռուսական երկօրյա համաժողովը Հայաստանի բյուջեի վրա կնստի ավելի քան 10 միլիոն դրամ, որի կեսից ավելին, ի դեպ, նախատեսված է հյուրանոցի, դահլիճների, տրանսպորտի ինչպես նաև ճաշի ու հուշանվերների համար։ Ավարտին էլ 1.5 միլիոն դրամ կտրամադրվի կենտրոնի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում ճաշելու համար: Ընդ որում՝ մեկ անձի ընթրիքը կարժենա 19 հազար դրամ։ Բացի ավանդական խորովածի տեսականիից ու իշխանից՝ հայ և ռուս երիտասարդները կվայելեն «Աղթամար» կոնյակ և «Ֆինլանդիա» օղի։

Համաժողովի այս ծախսը ընդդիմախոսներից շատերն էին քննադատել։ Հայկական կողմից կազմակերպիչ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանը, սակայն, համաձայն չէ այդ քննադատության հետ։

«Ես նախ չեմ ուզենա ասել՝ աղքատ երկիր ենք, ուրեմն մեզ պետք է աղքատի նման պահենք։ Եթե ընդունենք նույնիսկ, որ մենք աղքատ երկիր ենք, պետք է հրաժարվե՞նք աշխարհի հետ շփվելուց, ամփոփվենք մեր խեցու մեջ ու ասենք՝ մենք աղքատ երկի՞ր ենք։ Դա պարտվողական քաղաքականություն կլինի։ Չենք կարող ռուսական կողմին, երբ այն մեզ հրավիրում է ֆորումի, ասել՝ գիտեք, մենք աղքատ ենք, մեզ մոտ մի եկեք, բայց մենք ձեզ մոտ կգանք»,- ասաց Հայրապետյանը։

Ի դեպ, համաժողովին մասնակցում էին նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամներ։ Կարեն Թովմասյանն ասում է, որ ՀԱԿ-ը, լինելով բոլոր երկրների հետ բաց համագործակցության կողմնակից, չի մերժել հրավերը, չնայած համոզված են, որ այս դեպքում էլ կառավարությունը պետական միջոցներ է վատնել։

«Եթե կառավարությունը այս համագործակցությունը օգտագործելով փորձում է փողերի լվացումով զբաղվել, չպետք է քննադատել այդ համագործակցությունը և բոյկոտել նման խորհրդաժողովները»,- ասաց Թովմասյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG