Մատչելիության հղումներ

Գյումրիի ողբերգությունը ԲՀԿ-ի մոսկովյան հանդիպումներում չի շրջանցվել


Տիգրան Ուրիխանյանի փոխանցմամբ՝ այցի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել՝ ղարաբաղյան հակամարտությունից մինչև տնտեսական հարցեր:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակության Մոսկվա կատարած երկօրյա այցը որևէ կերպ չի առնչվում Հանրապետական կուսակցության՝ այսօր նախատեսված խորհրդի նիստին:

«Փառք Աստծո, մեր գործողությունները պայմանավորված չեն մեկ այլ կուսակցության, հատկապես Հանրապետական կուսակցության միջոցառումների խրոնոլոգիայով», - ասաց Ուրիխանյանը:

ԲՀԿ-ի պատվիրակության այցի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված է, որ ռուսական կողմը հանդիպումների ընթացքում շեշտել է, որ Երևանում հոկտեմբերին տեղի ունեցած խոշոր հանրահավաքների հետ կապված իրենց մոտ մտավախություն էր ձևավորվել, որ դրանք կրելու են հակառուսական բնույթ, սակայն հետագայում պարզվել է, որ այդ հավաքը որևէ կապ չուներ հակառուսական տրամադրությունների հետ:

«Մեր հանրահավաքն ուղղված է մեր երկրի ներսում Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդիրների, պրոբլեմների հանդեպ արհամարհանքի ու անտարբերության դեմ: Հայաստանի Հանրապետության քաղաքացու այլևս գոնե նվազագույն կենսակերպ ապահովելու անհնարինության դեմ: Որևէ այլ բան քննարկվել չէր կարող», - նշեց պատգամավորը:

Ուրիխանյանը փոխանցեց, որ այցի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել՝ ղարաբաղյան հակամարտությունից մինչև տնտեսական հարցեր: Չի շրջանցվել նաև Գյումրիի ողբերգությունը:

«Մենք նշեցինք բոլոր խնդիրները, ոչ միայն այդ: Բոլոր տեղի ունեցած իրադարձությունների իրավաչափությունը շոշափվեց, հետագա գործողությունները: Գյումրիից ընտրված պատգամավոր, ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը հարցադրում արեց շատ կոնկրետ՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի ամեն բան տեղի ունենա նախ հայաստանյան, այնուհետև միջպետական օրենքների ու համաձայնագրերի շրջանակներում, և որպեսզի հանրությունը արդարացիորեն բավարարվի իր պահանջներում: Նա պատասխանեց, հակիրճ ամփոփում եմ՝ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով»:

Հանրապետական խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե խանդով չեն վերաբերվում ԲՀԿ-ի պատվիրակության մոսկովյան այցին․ - «Նաև Հանրապետականը շատ ուրախ է, որ այն նախաձեռնությունը, որ հիմնականում եղել է Հանրապետական կուսակցության կողմից, որ մենք պետք է Եվրասիական տնտեսական միությանը միանանք, այդ քաղաքական ուժերը ինչքան հանդիպումներ ունենան, առավել ևս կհամոզվեն, որ մենք այլընտրանք չունենք, և մեր մոտեցումը, մեր որոշումը եղել է շատ ճիշտ»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին մասնակցած ուժերի հայտարարությանը, թե իշխանափոխության պահանջով շուրջօրյա ցույցեր կսկսեն, եթե իշխանությունները չլսեն ընդդիմության կարծիքն ու այնուամենայնիվ գնան սահմանադրական փոփոխությունների՝ Վահրամ Բաղդասրյանն ասաց․ - «Մենք բոլոր հանգամանքները հաշվի առել ենք, և բնականաբար, մենք կատարում ենք քայլ, որը միտված է ապագային, ապագա սերունդների համար է: Դեմ խոսացող այդ քաղաքական ուժերին և գործիչներին խորհուրդ կտամ, որ այդ սահմանադրական փոփոխությունները մեկ անգամ ընթերցեն: Որովհետև ես բազմիցս լսեմ եմ այդ քաղաքական ուժերի կողմից՝ մենք քննարկելու, նայելու և կարդալու որևէ բան չունենք, մենք ունենք թեկնածություն և մենք ուզում ենք, որպեսզի Սահմանադրությունը չփոխվի: Բնակաբար, ցանկացած որոշում, որը կայացնում է իշխանությունը, լինում են ընդդիմադիրներ քաղաքական ուժեր, որոնք իրենց կարծիքը հայտնում են ոչ թե բուն նյութի նկատմամբ, այլ արտահայտվում են դեմ, որովհետև դա առաջարկել է իշխանությունը»:

XS
SM
MD
LG