Մատչելիության հղումներ

Մաթևոսյանը «ժամանակից առաջ էր ընկել ու հիմա ճիշտ ժամանակի մեջ է»


Այսօր հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանն է:

Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող մեր մեծերի պանթեոնն այսօր մարդաշատ էր․ շատերն էին եկել խոնարհվելու Մաթևոսյանի շիրիմին, և բոլորի աչքերում սեր, ուրախություն ու թախիծ կար:

Նրա մտերիմ գրչընկերներից Ռուբեն Հովսեփյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց․ - «Որովհետև էդպես են արտահայվում շատերը՝ էսօր կդառնար 80 տարեկան: Էսօր առավոտ «Ֆեյսբուք»-ում գրեցի, որ էսօր դարձե'լ է 80 տարեկան: Որովհետև ինքը ժամանակից առաջ էր ընկել, ժամանակն էլ, դժբախտաբար, առաջընթացից հետ ընկավ: Եվ ինքը հիմա ճիշտ ժամանակի մեջ ա: Էսօ՛ր էլ և վա՛ղն էլ, մյո՛ւս օրն էլ»:

«Շնորհավորում եմ բոլորիս, մեր ժողովրդին, որ այդպիսի գրող ունի: Մի գրող, որի կարիքը հայ ժողովուրդը շատ ունի: Հիմա էլ ունի: Դրանք այն գրողներն են, որոնք ոչ թե հարց բարձրացնող են, այլ պատասխան տվող գրողներ են: Դարերով կուտակված ժողովրդի պատասխանները Հրանտ Մաթևոսյանի գրականության մեջ կա», - ասաց Ռոլանդ Շառոյանը:

«Հրանտը համաշխարհային արժեք է եղել, ինչպես Թումանյանը, ինչպես Իսահակյանը, Չարենցը, Վիլյամ Սարոյանը», - ասաց Նելլի Շահնազարյանը: - «Հրանտ Մաթևոսյանը այն եզակիներից է, որ կարողացավ օտար ազգին ասել՝ իմ ժողովուրդը այսպես ուրախանում է, այսպես ծիծաղում, այսպես տխրում, այսպես իր ցավի մասին խոսում․․․ Եվ կարողացավ գրել այնպես, որ օտարը իր լացի հետ լացեց, իր ծիծաղի հետ ծիծաղեց, իր ցավը իր հետ քաշեց»:

«Բակունցով սկսվեց ժանրը: Հրանտը ամենապրոֆեսիոնալն ա: Ամենալավը Հրանտն ա», - ասաց գրականագետ Ֆելիքս Մելոյանը:

Պանթեոն էր եկել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ազատության» հետ զրույցում վարչապետն ասաց․ - «Մեր ներկայությունը, մեր պետական հանձնաժողովը, որը ղեկավարում է երկրի վարչապետը՝ անկախ անձից, դա գնահատական է: Ամեն ինչը իմաստավորված է դրա մեջ»:

Այսօր հրաշալի ծրագիր էին պատրաստել և պանթեոնում ներկայացրին Մաթևոսյանի անունը կրող և թիվ 31 դպրոցի սաները:

Մեծ գրողի հոբելյանական տարին կնշանավորվի մաթևոսյանական մշակութային կենտրոնի հիմնադրմամբ: Այս մասին խոսվում էր տասը տարի ի վեր:

Գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը «Ազատությանը» փոխանցեց․ - «Առաջին բանը, որ մենք պնդել ենք և, կարծում եմ, Կառավարության կողմից ընկալման ենք հասել, մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումն է և մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման վայրում մաթևոսյանական միջավայրի ձևավորումը: Դենդրարիում, պայմանականորեն այսպես ասենք՝ Լոռու բնության մոդելավորմամբ Աբովյան պուրակի հարևանությամբ: Այնտեղ կանաչ տարածքներ կան, որոնք աչքաթող արված են: Ուզում ենք այդտեղ ծառաստան սարքել»:

XS
SM
MD
LG