Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարում է փետրվարի 15-ից հրադադար հաստատելու համաձայնության մասին


Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ձեռքսեղմումը Մինսկում բանակցություններից առաջ, 11-ը փետրվարի, 2015թ․

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ձեռքսեղմումը Մինսկում բանակցություններից առաջ, 11-ը փետրվարի, 2015թ․

Ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունները Մինսկում շարունակվեցին շուրջ 17 ժամ:

Մինսկում շուրջ 17 ժամ շարունակվեց Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ: Չորս առաջնորդների փակ հանդիպումը մեկնարկել էր չորեքշաբթի օրը Գրինվիչի ժամանակով ժամը 17:15-ին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը հյուրընկալող Բելառուսի ներկայացուցիչն ասել է, թե չորս առաջնորդների առանձին ձևաչափով բանակցությունը աննախադեպ ճեղքում է դիվանագիտական ընթացակարգում:

Ուշ երեկոյան հաղորդվեց, որ չորս երկրների արտգործնախարարները միացել են բանակցություններին:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ժամանելով հանդիպման վայրը, մինչ բանակցությունների մեկնարկը ասել է, որ եթե հակամարտության լարվածությունը չթուլանա և հրադադար չհաստատվի, ապա իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Ռուսական հեռուստաընկերությունները ցուցադրել են Պորոշենկոյի և Պուտինի ձեռքսեղմումը:

Մոսկվան լավատեսության նշաններ է ցույց տվել: Ըստ ռուսական դիվանագիտական աղբյուրների՝ 70 տոկոսով հնարավոր է, որ համաձայնություն ձեռք բերվի: «Նախագահները Մինսկ չէին մեկնի ոչ մի արդյունք չակնկալելով»,- ասել է դիվանագիտական աղբյուրը:

Բանակցություններից 24 ժամ առաջ Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների գրոհների հետևանքով Դեբալցևե քաղաքում ուկրաինական բանակի 19 զինծառայող է զոհվել: Իննամսյա հակամարտության ընթացքում սա Ուկրաինայի բանակի կրած ծանր կորուստներից մեկն է: Երկաթուղային Դեբալցևե քաղաքը, որը փորձում են գրավել ռուս անջատականները, ռազմավարական նշանակություն ունի: Reuters-ը նշում է, որ բանակցություններից առաջ անջատականների գրոհները ու հրթիռակոծությունները մեկնաբանվում են որպես ճնշում Կիևի վրա՝ զիջումների գնալու համար:

Երեկ ուշ երեկոյան ուկրաինական դիվանագիտական աղբյուրները փոխանցում էին, որ Մինսկում նախատեսվում է համատեղ հուշագիր ստորագրել: Ըստ ուկրաինական աղբյուրների՝ հուշագիրը աջակցելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Մեկ այլ փաստաթղթով նախատեսվում է ձևավորել եռակողմ շփման խումբ, ուր կներառվեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները:

Այսօր առավոտյան ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը «բանակցային գործընթացին մոտ» անանուն աղբյուրը փոխանցել է, թե բանակցություններում հսկայական առաջընթաց կա, և փաստաթուղթը, որ ծրագրվում է ստորագրել քննարկումների արդյունքում, համաձայնեցվել է 80 տոկոսով:

Դրանից մոտ մեկ ժամ անց էլ «Նովոստի»-ն, կրկին վկայակոչելով իր անանուն աղբյուրը, հաղորդեց, որ «նորմանդյան քառյակի» երկրների առաջնորդների մշակած փաստաթղթի նախագիծը փոխանցվել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շփման խմբի դիտարկմանը և հաստատմանը:

Սակայն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է, թե դեռևս լավ նորություններ չկան, իսկ ռուսական կողմի մի շարք առաջարկներ անընդունելի են:

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, մասնավորապես, որ բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել փետրվարի 15-ի կեսգիշերից կրակը դադարեցնելու մասին և ստորագրվել է շփման խմբի փաստաթուղթ մինսկյան համաձայնությունների իրականացմանն ուղղված միջոցառումների մասին:

XS
SM
MD
LG