Մատչելիության հղումներ

Կոնգրեսում դեմոկրատների մի մասը մտադիր է բոյկոտել Իսրայելի վարչապետի ելույթը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Ջոն Բեյներն առանց Սպիտակ տան հետ խորհրդակցելու Բենյամին Նեթանյահուին հրավիրել է ելույթ ունենալու Կոնգրեսում։

ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատների մի մասը հայտարարել է, թե մտադիր է բոյկոտել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը:

Հիշեցնենք՝ Դեմոկրատական կուսակցության բողոքն է առաջացրել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները, որն առանց Սպիտակ տան հետ խորհրդակցելու Իսրայելի վարչապետին հրավիրել է ելույթ ունենալու Կոնգրեսում: Նրա այս որոշումը լուրջ վեճերի պատճառ է դարձել:

Կոնգրեսում Նեթանյահուն ելույթ է ունենալու մարտի 7-ին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է խոչընդոտել այդ բանակցությունների ընթացքը:

Նեթանյահուի ելույթի վերաբերյալ տարակարծություններն ունեն նաև մեկ այլ պատճառ. ելույթն ամերիկյան Կոնգրեսում համընկնում է Իսրայելում ընթացող ընտրարշավի հետ և կարող է լուրջ խթան հանդիսանալ Նեթանյահուի ղեկավարած Լիկուդ կուսակցության համար: Սակայն, եթե Լիկուդն ավանդաբար սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հանրապետականների հետ, Լիկուդի մրցակից՝ իսրայելական Աշխատավորական կուսակցությունը մոտ է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը:

Սպիտակ տան զայրույթն է առաջացրել նաև այն փաստը, որ հանրապետական Բեյները արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումն ընդունել է առանց վարչակազմի հետ խորհրդակցելու: Միացյալ Նահանգների նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի կարծիքով, այդ ելույթը կարող է լարվածություն առաջացնել իսրայելա - ամերիկյան հարաբերություններում՝ ստիպելով Կոնգրեսի դեմոկրատներին ակամա ընտրություն կատարել Օբամայի վարչակազմի կամ Իսրայելի միջև:

«Խոսքը ոչ թե Աշխատավորական կուսակցության և Դեմոկրատական կուսակցության կամ Լիկուդի և Հանրապետական կուսակցության հարաբերությունների, այլ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների մասին է, որոնք ավելին են, քան ներկուսակցական հարաբերությունները», - ընդգծել է Օբաման:

Կոնգրեսի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին նման իրավիճակն անընդունելի է համարել. - «Իսրայելի մի շարք հավատարիմ աջակիցներ զանգահարել են ինձ և ասել, որ անընդունելի է, որպեսզի մեր հարթակն օգտագործվի՝ շահագործվի Իսրայելում և Միացյալ Նահանգներում քաղաքական նպատակներին հասնելու համար»։

Կարծիք կա, որ այդ ելույթը կարող է ավելի սաստկացնել Օբամայի ու Նեթանյահուի հարաբերություններում նկատվող լարվածությունը: Միացյալ Նահանգների և Իսրայելի բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ դիմել են Բենյամին Նեթանյահուին՝ խնդրելով նրան ձեռնպահ մնալ ելույթից, սակայն Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ընդունել է հրավերը և ելույթով հանդես է գալու կոնգրեսականների առջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG