Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի նախագահը խաղաղության և երկխոսության կոչ է անում Հայաստանին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Անհնար է շրխկացնել դուռը, որը կողպված է ներսից», - «խաղաղության ձեռքը մերժելու» մասին Էրդողանի հայտարարությանը հակադարձում է Երևանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանին կոչ է արել 1915 թվականի դեպքերի ուսումնասիրությունը քաղաքական հարթությունից տեղափոխել պատմագիտության դաշտ: «Այն, ինչ 100 տարի առաջ կատարել են հայերը թուրքերի դեմ, իսկ թուրքերը հայերի դեմ, պատշաճ կարգով չի քննարկվել»,- պնդել է նա:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Կոլումբիա կատարած այցելության ընթացքում Էրդողանը հայկական հարցերի մասին խոսել է երեքշաբթի օրը, ելույթ ունենալով Բոգոտայի էքստեմադո համալսարանի և Անկարայի համալսարանի համատեղ կազմակերպած գիտաժողովում:

«Մենք ջանքեր թափեցինք կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ և նոր էջ բացելու, բայց ցավոք խաղաղության մեր ձեռքը միշտ մերժվում է հայկական ազդեցիկ սփյուռքի կողմից»,- ասել է Էրդողանը՝ նշելով.- «Այս տարի 100-րդ տարելիցն է: Մենք վերահաստատում ենք մեր անկեղծ առաջարկները»:

«1915 թվականի դեպքերի հետ կապված մենք չենք դադարեցնի խաղաղության և երկխոսության մեր ջանքերը»,- Կոլումբիայում հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի այցը Լատինական Ամերիկա շարունակվում է: Կոլումբիայից այսօր նա ժամանել է Կուբա:

«Անհնար է շրխկացնել դուռը, որը կողպված է ներսից», - Թուրքիայի նախագահին արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ Թվիթերի իր էջում գրառմամբ:

ՀՅ Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պետական հանձնաժողովի անդամ Կիրո Մանոյանն «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց 1915 թվականի դեպքերի ուսումնասիրությունը քաղաքական հարթությունից պատմագիտության դաշտ տեղափոխելու՝ Թուրքիայի նախագահի առաջարկությանը․ - «Առաջարկի նկատմամբ, կարծում եմ, իսկապես կա համազգային համախոհություն՝ ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ իր նման մտածողները։ Դա ասում եմ, որովհետև հաշվի առնելով այն կեցվածքը, որ իրենք ունեցան Հայաստան - Թուրքիա արձանագրությունների այն դրույթի մասին, որ ասում էր, որ պետք է ինչ-որ ենթահանձնաժողով [ստեղծել] և այլ պատմական հարթության վրա հարցը ուսումնասիրել, սա Թուրքիայի այն մարտավարությունն է, որ փորձում է հարցը քաղաքական բովանդակությունից դատարկել և պատմական ինչ-որ վեճի վերածել։ Պարզ է, որ անընդունելի է»։

XS
SM
MD
LG