Մատչելիության հղումներ

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կամրապնդվի. Պետդեպարտամենտ


Ամերիկացի գեներալը հայ խաղաղապահների հետ հանդիպմանը, Երևան, արխիվ

Ամերիկացի գեներալը հայ խաղաղապահների հետ հանդիպմանը, Երևան, արխիվ

ԱՄՆ-ը պատրաստվում է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում: Պետդեպարտամենտի հավաստմամբ, ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չպետք է կաշկանդի ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կողմերին երկկողմ համագործակցության խորացման հարցում:

Միացյալ Նահանգները նախատեսում է խորացնել համագործակցությունը Հայաստանի կառավարության, զինվորականների և անվտանգության ծառայությունների հետ՝ գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին հակազդելու նպատակով, «Ամերիկայի Ձայնին» պատմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանն ընդհանրապես անչափ մոտ են գտնվում աշխարհի ամենավտանգավոր տարածքներին:

«Մենք միշտ ընդգծել ենք, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են ու պետք է զարգացնեն ուղղակի երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում, կազմակերպեն երկկողմ վարժանքներ ու փորձի փոխանակում և շարունակեն մասնակցել միասնական խաղաղապահ առաքելություններին», - ասում է դիվանագետը:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, Միացյալ Նահանգները և Հայաստանը նախատեսում են ոչ միայն խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում, այլև այս շրջանակներում երկկողմ նոր ծրագրեր իրականացնել: Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական զորքերի առկայությանը՝ Էրիկ Ռուբինն ասաց, որ Միացյալ Նահանգներին դա չի կաշկանդում:

«Մենք ընդունում ենք իրականությունն ու գիտակցում ենք, որ Հայաստանում գոյություն ունի Ռուսաստանյան զգալի ներկայություն, և մենք չենք նախատեսում, որ այն կանհետանա, սակայն այդ հանգամանքը մեզ համար խոչընդոտ չի հանդիսանում», - ասում է դիվանագետը:

Ռուբինն ասում է՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում երկրի ներկա իրավիճակով պայմանավորված իրականություն է, սակայն, այն չպետք է բացառի հարաբերությունների խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG