Մատչելիության հղումներ

logo-print

Մասնագետները կարծում են, որ գնաճը զսպելով՝ ԿԲ-ն խեղդում է տնտեսական աճը


Զսպելով գնաճը՝ խեղդում ենք տնտեսական աճը։ Մասնագետներն այսպես են պատկերավորում Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շեմի բարձրացման որոշումը։ Երեկ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հերթական անգամ բարձրացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9,5 –ից հասնելով 10,5 տոկոսի՝ դա հիմնավորելով գնաճի զսպման անհրաժեշտությամբ։

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը մատնանշում է հենց Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, ըստ որոնց գնաճը գնահատվել է նորմայի սահմաններում։

«ԿԲ-ի գործողություններն անտրամաբանական են, ավելին՝ հակասում են տրամաբանությանը, որովհետև անցած տարին մենք նույնիսկ փակել ենք 3 տոսոկ գնաճով, որը գնաճի թույլատրելի միջակայքի ամենաստորին հատվածն է։ Այսինք, ԿԲ-ն գնաճը զսպելու խնդիր չունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Գևորգյանը:

Ըստ նրա,եթե գնաճը նորմայի սահմաններում է, դա նշանակում է, որ տնտեսական աճի ցուցանիշները վաղուց շատ համեստ են։ Այս իրավիճակում ԿԲ-ն պետք է ոչ թե բարձրացներ, այլ, ընդհակառակը, իջեցներ բանկերին տրվող դրամի տոկոսադրույքը։

«Բանկերն էլ իրենց հերթին ավելի ցածր տոկոսով կտային տնտեսվարողներին, որոնք այդ գումարը կներդնեին տնտեսության մեջ և կխթանեին տնտեսական աճը Հայաստանում», - ընդգծեց մեկնաբանը:

Վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքն ու արժեզրկված դրամի անկայուն հեռանկարը առևտրային մի շարք բանկերի արդեն իսկ ստիպել է դադարեցնել դրամով վարկերի տրամադրումը կամ կրկնապատկել է դրանց նվազագույն տոկոսադրույքի չափը։

ԿԲ-ի որոշման մեջ նշվում է, որ շուկայական կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները կնվազեն՝ մոտենալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը բարձրացվել է մինչև 10.5 տոկոսի։ Մինչդեռ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը որևէ լավ բանի չի հանգեցնի, քանի որ այն ուղիղ հարված է հասցնում տնտեսության մի շարք ճյուղերի։

«Տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է թանկ փողեր, թանկ փողերը նշանակում է տնտեսական շրջանառության կազմակերպման դժվարություններ, նշանակում է տնտեսական գործունեության սահմանների, ծավալների պակասում», - ասաց Բոստանջյանը:

ԿԲ-ն, սակայն, ըստ տնտեսագետի, այս պահին չունի այլընտրանք, և մեղքը միայն այդ կառույցի վրա բարդելն այնքան էլ ճիշտ չէ: Իրավիճակից ելքեր գտնելու հարցում Բոստանջյանն առաջարկում է ստեղծել համակարգված կառավարման մոդել, որտեղ բացի ԿԲ-ն ներգրաված կլինեն նաև կառավարության համապատասխան նախարարություններ:

«Ըստ էության, Կենտրոնական բանկը նման պարագայում, երբ որ դարձնում է 10.5 տոկոս, կամ հանկարծակի ստացվի ավելի բարձր տոկոս, ինքը իր պարտավորությունները այդպիսով կատարում է: Բայց դրանով նա ոչ թե ուզում է վնասել, այլ ստացվում է էդպես», - ընդգծեց Վարդան Բոստանջյանը:

XS
SM
MD
LG