Մատչելիության հղումներ

Ակտիվիստի հարազատները կարծում են՝ գործի բացահայտման համար բավարար փաստեր կան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հարազատները կարծում են, թե Արտակին առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի բացահայտման համար արդեն բավականաչափ պարզված հանգամանքներ կան։

Երեկ Քննչական կոմիտեն գործի քննությունից մանրամասներ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ հայտնաբերվել են Խաչատրյանի մոտ եղած 2 հեռախոսները, որոնք դուրս էին նետվել ավտոմեքենայից։

Հաստատվել է մինչ այդ հայտնի տեղեկությունը, որ «Շրջանառության հարկի» վիճահարույց փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստին առևանգել են դիմակավորված, սև համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդ՝ «Տոյոտա Կորոլա» մակնիշի սև ավտոմեքենայով։ Հարազատները նաև ձեռք են բերել և ոստիկանությանը տրամադրել մի տեսագրություն, որտեղ հստակ երևում է սև «Տոյոտա»-ն՝ իր պետհամարանիշներով։ Տեսագրված են նաև այլ մանրամասներ, ասում է Խաչատրյանի եղբայրը։

«Եղան բարի մարդիկ, անծանոթ մարդիկ, ովքեր փորձել են ինչ-որ բանով օգտակար լինել՝ մտածելով, որ տրամադրված տեսանյութը կարող է գործին օգուտ տալ։ «Չենք կարողանում բացահայտելը» բացառվում է, որովհետև արդեն իսկ հրապարակված հանգամանքները, փաստերը բավականին մեծ են հանցագործությունը բացահայտելու համար։ Եթե չուզենան բացահայտել, ցանկացած մարդ այդ մեղքը թողնելու է իրավապահների վրա»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը։

Ձեռքբերված տեսագրությամբ Խաչատրյանի հարազատներն արել են իրենց հետևությունները, սակայն այդ մասին դեռևս նախընտրում են լռել՝ նախաքննության ընթացքին չխանգարելու համար։

«Ոստիկանությունը չի կարող կոծկել։ Եթե կոծկեն, իրենք հո գիտեն, որ ես գիտեմ։ Եվ մեր, հանրության շունչը զգում են»,- ասաց ակտիվիստի եղբայրը։

Շաբաթ օրը առևանգված և դաժանորեն ծեծի ենթարկված ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը դեռ «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկների խոսքով՝ վիճակը արդեն լավ է։ Երկուշաբթի Արտակ Խաչատրյանը ցուցմունք է տվել գործը վարող քննիչներին։

«Արտակի վիճակը բավարար է, դեպի լավն է գնում, կարծում եմ էսօր-վաղը կտեղափոխեն պալատ»,- ասաց Արտյոմ Խաճատրյանը։

Վերջին երեք ամիսներին քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության առնվազն 7 դեպք է տեղի ունեցել, մեկ օրում էլ այրվել էին Նախախորհրադրանի մի քանի մեքենաներ։ Անցած տարվա նոյեմբերին Խանջյան-Թումանյան խաչմերուկում հարձակման ենթարկված Գևորգ Սաֆարյանը պնդում է, որ իր դեմ կատարված հարձակումը ևս արձանագրել են փողոցներում տեղադրված տեսախցիկները։ Առայժմ, սակայն, բացահայտման գործում որևէ առաջընթաց չկա։

«Գործը փաստացի գնում է դեպի կոծկում, այնտեղ տարածքում կային երեք տեսախցիկներ, որոնք կարմիր գծերի համար են նախատեսված և շատ բարձր որակի են, ոստիկանությունը դրանց տեսագրությունը չի առգրավել, և կարծում եմ՝ չի էլ առգրավի։ Կա մի տեսախցիկ, որը շատ ավելի ցածր որակի է, դրա տեսագրությունը ունեն։ Այսինքն եթե պետք լիներ, այդ հանցագործությունը մի քանի ժամի ընթացքում կբացահայտվեր և կատարողները կձերբակալվեին»,- փոխանցե Սաֆարյանը։

Արտակ Խաչատրյանի դեպքի քրեական գործին ևս առայժմ կցված չեն փողոցի տեսախցիկների տեսագրություններ։ Խաչատրյանի եղբայրը, սակայն, ասում է, որ գոնե մինչև հիմա հիմքեր չունեն կարծելու, թե ոստիկանությունը հակված է կոծկելու հանցագործությունը։

«Ոչ մի վարկած, իհարկե, չեմ բացառում, բայց միևնույն ժամանակ ասեմ, որ դեռ չեմ նկատել այնպիսի մի գործողություն՝ ձգձգում, թոզփչոցի, որը կասկածի տեղիք կտար։ Տպավորությունը մինչև այս պահը այնպիսին է, որ ինտենսիվ աշխատում են», - ասաց եղբայրը։

XS
SM
MD
LG