Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապաշտպանները «շոու» են որակում «թխվածքաբլիթ գողացողի» մասին տեսանյութը


Օրերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում մի խումբ ոստիկաններ Ամիրյան փողոցում սուպերմարկետի դիմաց, բռնում են մի տղամարդու, ով տեսախցիկի առջև խոստովանում է, որ երկու հատ թխվածքաբլիթ է գողացել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են դեպքի վայրին մոտենում ոստիկանական միանգամից հինգ ավտոմեքենաներ, ինչպես են ոստիկանները բերման ենթարկում հնարավոր հանցագործին: Ավելին, Ճանապարհային ոստիկաններին օգնության են հասնում նաև նրանց գործընկեր այլ ոստիկաններ և ուժի գործադրմամբ տղամարդուն նստեցնում ոստիկանության ավտոմեքենան։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ թող նույն ջատագովությամբ ու տաք-տաք հետքերով ոստիկանները նաև վերջին ամիսներին ընդդիմադիրների դեմբռնություններն ու հարձակումները բացահայտեին․ - «Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու հանգամանքը, քաղաքացիական ակտիվիստների․․․ քաղաքական գործիչների նկատմամբ այդ գործողություններում նույն ջանադրությամբ ցույց տան: Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կատարողին թող նկարեին ցույց տային․․․ Տիպիկ շոու է, որը իբր նպատակ ունի ցույց տալ, որ ոստիկանություն դեռևս գոյություն ունի»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի խոսքերը, թե անգամ վերջին՝ մեկը մյուսին հաջորդած բռնություններից ու չբացահայտված գործերից հետո իշխող կուսակցությունում ոստիկանապետի հրաժարականի հարց չեն քննարկում: Ավելին, նրան համարում են Հայաստանի ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկը։

«Երևի Շարմազանովը, երբ ասում էր, որ ոստիկանապետը ամենապրոֆեսիոնալն է, սա նկատի ուներ, որ այսպիսի հանցագործություններ են բացահայտվում: Եվ այս ֆոնին, երբ համատարած երկիրը բռնության, ծեծուջարդի մեջ է, սպանդ է տեղի ունենում Գյումրիում, Բերձորում մարդիկ են ծեծում, պեչենու գողեր են իրենք ընդամենը բռնում: Սա իրական պրոֆեսիոնալիզմն է՝ ըստ հանրապետականների», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Համացանցում տարածված տեսանյութին արձագանքել է նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ պնդելով, թե իրավապահները կատարել են իրենց օրենքով սահմանված գործառութները։

«Տեսնելով, որ խանութի աշխատակիցը բղավելով հետապնդում է ինչ-որ մեկին՝ բռնել է վերջինիս ու բերման ենթարկել: Չանե՞ր, ձևացներ, թե ոչինչ չի պատահել ու գնար իր ճանապարհո՞վ», - հարց է հնչեցնում ոստիկանության ներկայացուցիչն ու հավելում․ - «Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր բերման ենթարկվածի գործողություններում սոցիալական պատճառներ են փնտրում. հիշյալ անձը նախկինում երկու անգամ գույքի հափշտակության համար խնդիրներ է ունեցել և ևս մեկ «քննական գաղտնիք»՝ հիշյալ անձի մոտ այդ պահին եղել է 12. 000 դրամ»:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ թխվածքաբլիթի գողության համար կասկածվող անձին ստորագրությամբ բաց են թողել, կատարվում է հետաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG