Մատչելիության հղումներ

logo-print

Ստեղծագործական միություններին 30 միլիոնի պարտքը ներելը նախկին քաղաքապետը կաշառք է որակում


Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյան

Երևանի ավագանին որոշեց զրոյացնել 6 ստեղծագործական միությունների մոտ 30 միլիոն դրամի գույքահարկի պարտքը՝ պատճառաբանելով, թե այս կազմակերպությունները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն և չեն կարող օրինապահ հարկատու լինել: Առաջարկինդեմ քվեարկեց «Բարև Երևան» դաշինքը՝ պնդելով, թե ավագանին խրախուսում է հարկեր չվճարողներին և հիմար վիճակի մեջ դնում օրինապահ կազմակերպություններին: Խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի խոսքով, դա կարող է վատ նախադեպ դառնալ:

«Կամ իսկապես պետք է մտածենք այդ միությունների առողջացման լուրջ ծրագիր ունենք, կամ էլ սա չի դառնալու լուրջ լուծում, մենք ընդամենը մեկ տարի ժամանակով ուղղակի երկարացնելու ենք մի բան, որը ոչ քաղաքին է բան տալու, ոչ էլ այդ միություններն են ոտքի կանգնելու: Մենք, ըստ էության, երկարացնում ենք հոգեվարքը», - հայտարարեց Սաֆարյանը:

Ներելով միլիոնների պարտքերը՝ քաղաքապետը զգուշացրեց, որ վերջին անգամ են գնում նման քայլի, և այսուհետ կփորձեն խորհուրդներով օգնել գրողների, նկարիչների, թատերական գործիչների, ժուրնալիստների, կինեմատոգրաֆիստների և կոմպոզիտորների միություններին՝ եկամուտները ճիշտ կառավարելու և պարտքերից խուսափելու համար:

«Սա ոչ ավել, ոչ պակաս կաշառք է», - հակադարձում է նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում երբևէ նման արտոնություններ չեն տրվել:

«Էդ դեպքում բոլորին պետք է այդ հնարավորությունը տալ և ինչ հիմնավորում էլ ուզում են բերեն, սա սովորական կաշառքի ձև է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Կազմակերպությունները ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն վարում, ուստի մեծ եկամուտներ չունեն: Այդուհանդերձ, ինչպես նկատեց «Բարև Երևան»- ի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ վերջիններս տարածքներ են վարձակալության տալիս և եկամուտներ ստանում: Վահագն Խաչատրայնի ուշադրությունից ևս չի վրիպել այս փաստը:

«Շատերս գիտենք, որ այդ ստեղծագործական միությունների կողմից զբաղեցրած տարածքները օգտագործվում են բիզնես նպատակներով: Այսինքն՝ դրանք նաև շահույթ են հետապնդում: Մտեք ցանկացած ստեղծագործական միություն և կտեսնեք, որ այնտեղ կա հյուրանոց, սրճարան, վարձով տրվող այլ տարածքներ և դրանք անվճար չեն աշխատում», - ընդգծեց նախկին քաղաքապետը:

Ավագանու ընդդիմադիր անդամները պնդում էին նաև, որ այս դեպքում շահերի բախում կա, քանի որ այդ միությունների ներկայացուցիչները ավագանու անդամներ են, և փաստորեն, իրենք իրենց ազատում են հարկերից: Առարկությունը, սակայն, անտեսվեց:

Ժուրնալիսների միության նախագահ, ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը վստահեցնում է, որ վարձակալությունից ստացած գումարները չնչին են, այն դեպքում, որ այս միությունում տարածք են վարձել Վիտամին Ակումբը, թերթի խմբագրություն, իրավապաշտպան կազմակերպություն և այլն:

«Այդ վարձավճարները, որ իրոք մենք վերցնում ենք մեր վարձակալներից չնչին գումարներ են, որպեսզի մենք կարողանանք մրցույթներ հայտարարել և ֆինանսավորել երիտասարդ լրագրողներին, հարկային պարտականությունները կատարել, պահպանել շենքը ամենակարևորը, և մի բան պետք է նկատի ունենալ, որ այս 7 միություններում հավաքված է մեր հանրապետության մտավորական ներուժը, որը շատ կարևոր դերակատարում ունի երկրի ապագայի համար», - ասաց Աստղիկ Գևորգյանը:

Ուշագրավ է, որ 3 տարի առաջ ևս հարկային արտոնություններ էին տրվել այս միություններին: Ստյոպա Սաֆարյանը հարց է բարձրացնում՝ո՞րն է երաշխիքը, որ հաջորդ տարի նույն պատկերը չի լինի:

Նախկին քաղաքապետ Խաչատրյանն էլ վստահ է՝ ընտրությունների նախաշեմին նոր արտոնություններ են լինելու:

«Համոզված եղեք, որ ընտրությունների շեմին նորից էս ամեն ինչը կտրվի, սա քաղաքական քայլ է, եթե ուզում եք ամբողջական ձևակերպենք: Պետք չի ստեղծագործական միություններին այսպես վարկաբեկել», - ընդգծեց Վահագն Խաչատրյանը:

Եթե ստեղծագործական միություններըչեն կարողանում եկամուտ ստանալ իրենց գործունեությամբ, ինչո՞ւ են դրանք շենքեր զբաղեցնում, առհասրակ ի՞նչ նպատակի են ծառայում: Ըստ նախկին քաղաքապետի՝ դրանք պարզապես խորհրդային տարիներից մնացած ժառանգություն են, որոնք կայսրության փլուզումից հետո անգամ շարունակում են աշխատել նույն տրամաբանությամբ:

«Կուզեի, որ իրենք իրենց գործով զբաղվեին, բայց էսօրվա իշխանությունից օգտվելու ցանկությունը երևի ավելի կարևոր է: Իրենց արժեքային համակարգը կորցրել են, և ինչ որ տեղի է ունենում Երևանի կենտրոնում՝ այս այլանդակությունը շինարարական կամ ճարտարապետական, ես չեմ տեսել որ որևէ մի անգամ այդ մարդիկ ձայն բարձրացնեին ավագանիում, բոյկոտեին, չկա այդպիսի բան, բայց արտոնություն ստանալու համար ամենաառաջին են», - ասաց Վահագն Խաչատրյանը:

XS
SM
MD
LG