Մատչելիության հղումներ

«Մենք խաղաղություն ենք ուզում առանց նախապայմանների», - այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Այսօր Մինսկում նախատեսված Ռուսաստան - Ուկրաինա - Ֆրանսիա - Գերմանիա հանդիպմանն ընդառաջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել է օգտվել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորությունից:

Օբաման զգուշացրել է, որ Ռուսաստանի վրա ավելի թանկ կնստի, եթե շարունակի ագրեսիվ գործողություններն Ուկրաինայում: Պուտինի հետ հեռախոսազրույցում Օբաման նաև ասել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

ԱՄՆ-ի նախագահը ռուսաստանցի պաշտոնակցին հորդորել է օգտվել նոր բանակցությունների հնարավորությունից և գտնել անցյալ տարվա ապրիլից սանձազերծած պատերազմին վերջ դնելու ուղին:

Կրեմլը պաշտոնապես հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Բելառուսում նախատեսված հանդիպմանը՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի առաջնորդների հետ:

Մինսկում ակնկալվող հանդիպմանն ընդառաջ, պատերազմական գործողությունները չեն դադարում Ուկրաինայի արևելքում:

Այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում Դոնեցկում հանրային տրանսպորտի կանգառում որոտացել է պայթյուն, որի հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել:

Երեկ Կրամատորսկում առնվազն 5 զինծառայող է սպանվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել «Սմերչ» տեսակի հրթիռների գործադրման հետևանքով:

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Պետրո Պորոշենկոն այցելել է Կրամատորսկ: Տեսախցիկների առջև ցույց տալով քաղաքացիների վիրահատության հետևանքով նրանց մարմիններից հեռացված գնդակները՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել է․ - «Իմ ձեռքին հիմա մետաղի կտորներն են, որոնք հանել են հիվանդանոցում ապաքինվող մարդկանց մարմիններից: Սա աղետ է, սա հանցագործություն է մարդկության դեմ: Քաղաքացիական անձինք ապրում են իրենց տներում, որտեղ մարտական որևէ գործողություն չկա, ռուսամետ ահաբեկիչ-անջատականները հարձակվում են քաղաքացիների, խաղաղ Կրամատորսկի վրա: Սա բացարձակապես անընդունելի է»:

Պորոշենկոն այսօր նաև հայտարարել է․ - «Մենք խաղաղություն ենք ուզում առանց նախապայմանների: Մենք ուզում ենք ապրել Ուկրաինայում, մենք ուզում ենք, որ զավթիչների զորքերը լքեն Ուկրաինան»:

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ գործող շփման խումբն ավելի վաղ քննարկել է Մինսկում այսօր նախատեսված հանդիպման ժամանակ քննարկման ենթակա հարցերի շրջանակը. ծանր զինատեխնիկայի դուրսբերում՝ ըստ հրադադարի պահպանման և խաղաղ կարգավորման համաձայնության:

Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության՝ նախնական քննարկման հարց է դարձել նաև քաղաքական իրավիճակը Արևելյան Ուկրաինայում, Դոնբասի ընտրությունների հարցը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախքան Մինսկի հանդիպումը Ուկրաինային է մեղադրել տարածքային վեճի հարցում և հակադարձել Արևմուտքին ու Կիևին՝ ռուսական կողմին հասցեագրված մեղադրանքները տեղափոխելով ուկրաինական կառավարության պատասխանատվության դաշտ:

«Մեր համոզմամբ՝ հարցը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Խաղաղության ճանապարհը Մոսկվայի և Կիևի ուղիղ բանակցություններն են», - ասել է Լավրովը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ռուսական կողմի փոխարեն վկայակոչել է անջատողականներին․- «Անխոս, եթե հիմա, երբ ընթանում են ռազմական գործողությունները, ցանկություն կա առաջին տեղում դնել սահմանին ուկրաինական իշխանության հսկողության հարցը, այն հատվածներում, որտեղ վերահսկողություն են իրականացնում անջատողականները, պետք է պայմանավորվել Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների հետ: Ռազմական գործողությունների ընթացքում, երբ ուկրաինական կողմը փորձում է բարելավել իր ռազմական դիրքերը, հավանաբար, հանուն նրա, որ հետո դա օգտագործեն Մինսկի հանդիպմանը»:

Լավրովը նաև ասել է, թե չի պատկերացնում՝ ինչպես կարող են Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչները հաշտվել այդ իրավիճակի հետ:

Երեկ Սպիտակ տանը Բարաք Օբամայի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է՝ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Ղրիմում, Լուգանսկում ու Դոնեցկում:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի գնահատմամբ էլ՝ այսօր Մինսկում նախատեսված բանակցությունները «վերջին հնարավորությունն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG