Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն էժանագին հնարք է որակում հայ սպայի մահվան Բաքվի վարկածը


Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի ռազմական գերատեսչությունում «առնվազն ծիծաղելի էժանագին հնարք» են որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե հայկական կողմը երկու դիվերսիա է իրականացրել՝ փորձելով հատել սահմանը, և ադրբեջանական զինուժի կանխարգելիչ միջոցառումների արդյունքում զոհեր է տվել, այդ թվում՝ ջոկատի հրամանատար Տիգրան Սիմոնյանը:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց նաև, որ առաջարկում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին միակողմանի առաքելություն կատարել և տեղում արագ ծանոթանալ իրողությանը: «Տեսնենք՝ Ադրբեջանը կարո՞ղ է փաստեր ներկայացնել: Իհարկե՝ ոչ: Եթե զոհեր կան, դիվերսիա է եղել, ապա ինչո՞ւ զոհերից գոնե մեկ փշրանք ադրբեջանական կողմում չի մնացել», - շեշտեց Պաշտպանության նախարարության խոսնակը:

Հիշեցնենք՝ ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, մահացու հրազենային վիրավորում է ստացել երեկ երեկոյան՝ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում: Զինծառայողի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG