Մատչելիության հղումներ

logo-print

Պերմյակովին պահանջելու հիմքեր դատախազը վաղուց ուներ․ Լևոն Բարսեղյան


Լևոն Բարսեղյանը «Ազատության» տաղավարում, 10-ը փետրվարի, 2015թ․

Լևոն Բարսեղյանը «Ազատության» տաղավարում, 10-ը փետրվարի, 2015թ․

Իսկապես շատ կարևոր է հանրությանը բացատրել, թե ի՞նչ նոր հիմքեր ի հայտ եկան, որ նախկինում չկային, որոնք Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին թույլ տվեցին Գյումրու սպանդի գործի հետ կապված դիմել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ Յուրի Չայկային: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա ընդգծեց, որ հունվարի 15-ին Գյումրիում և հունվարի 21-ին Ազգային ժողովում քննարկումների ժամանակ Կոստանյանի արած հայտարարությունների համաձայն դեռ հիմքեր չկային:

«Մի քանի օր առաջ, երբ տարածվեց հայտարարությունն այն մասին, որ դիմել է Ռուսաստանի դատախազին, հանրությանը չբացատրվեց, թե այդ ի՞նչ հիմքեր են, որ ի հայտ են եկել: Բացի այդ, ինքը ընդունեց ԱԺ-ում, որ օտար մարդիկ, իրավունք չունեցող մարդիկ, ովքեր զենքով մարդ են հետախուզել, ձերբակալել են, առևանգել են և ազատազրկել են էդ մարդուն [Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին]՝ ռուս զինվորականների մասին է խոսքը, նրանք արդեն խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը», - ասաց Լևոն Բարսեղյանը՝ շարունակելով․ - «Եվ չհաշված հիմնական հիմքերը, որոնք կային՝ բուն սպանությունը, ինքնախոստովանական ցուցմունքը, զենքը, զորամասից մարդ փախած լինելը, սա էլ հետը արդեն իսկապես հիմք էր, որ ինքը դիմեր կալանավորին ստանալու համար»:

Գյումրու ողբերգությանը հաջորդած զարգացումներին ակտիվորեն հետևող Բարսեղյանը, սակայն, նշում է, որ հանրությանը ոչ թե Գևորգ Կոստանյանի «թուղթ գրելն է պետք եղել», այլ պետք է, որ նա բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի գործը կալանավորի հետ միասին տեղափոխվի Հայաստանի արդարադատության համակարգ:

«Ցանկացած իրավաբանի հետ եթե զրուցի պարոն Կոստանյանը, իրեն կբացատրեն, որ ինքը վաղուց հիմքեր ունի, որ օրինական ճանապարհով գնա այդ մարդուն Հայաստանի տարածքում գտնվող զորամասի կալանախցից վերցնի և տեղափոխի հայկական ձերբակալվածի պահման վայր կամ քրեակատարողական հիմնարկ: Այս հիմքերը կան», - ընդգծեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի Հանրապետության հերթական ստորացումն է տեղի ունենում․ - «Որ դուք չեք կարող մեզնից բան ուզել, ձեր նամակը տեղ չի հասել: Հասնելուց հետո մի թուղթ կգրեն, կուղարկեն, նորի՞ց պիտի թուղթ գրես ուղարկես, պարոն Կոստանյան: Ե՞րբ ես հրաժարական տալու կամ ե՞րբ ես իսկապես որակյալ գործողություններ, ողջամիտ գործողություններ կատարելու՝ գործը տեղափոխելու համար: Ինչո՞ւ մինչև հիմա քրեական գործ չի հարուցված բուն հանցագործությունից հետո տեղի ունեցած այն հանցագործությունների հանցակազմով, որոնց մասին ես ասացի»:

XS
SM
MD
LG