Մատչելիության հղումներ

Նոր կրքեր Պոլիտեխնիկում. Ռեկտորն ու ուսխորհուրդն են վիճել


Պոլիտեխնիկական համալսարանում նոր խնդիր է ծագել՝ այս անգամ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի և ուսանողական խորհրդի միջև։ Ուսանողական խորհրդի նախագահ, ասպիրանտ Գոռ Վարդանյանի պնդմամբ՝ բուհի ղեկավարությունը փորձում է իր ձեռքը վերցնել ուսանողական կառույցի ղեկավարումը։

Օրեր առաջ Վարդանյանը բուհի էլեկտոնային նամակ է ստացել այն մասին, որ բուհի իրավաբանական վարչությունը ուսխորհրդի կանոնակարգ է մշակում։ Ուսանողների փաստարկները, թե իրենց կառույցը ինքնավար մարմին է, չեն ընդունվել։

«20 տարի առաջ, երբ մենք ստեղծվել ենք, մենք մեր ինքնավարության շնորհիվ ենք ստեղծվել։ Ուսանողական մարմինը հաշվետու է ուսանողներին, այլ ոչ թե վարչական մարմին, մենք վերջիվերջո բուհի ստորաբաժանում չենք, աշխատավարձ չենք ստանում։ Կրթության մասին օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ կետում հստակ գրած է, ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը, այսինքն Կրթության և գիտության նախարարությունը»,- ասում է Վարդանյանը։

Ուսանողներն այս քայլերը կապում են ռեկտորի առաջիկա ընտրության հետ։ Մինչ գիտխորհրդի նիստը ուսանողական խորհուրդը որոշել էր, թե ովքեր պետք է ընդգրկվեին կառավարման խորհրդում և ձայնի իրավունք ունենային ընտրության ժամանակ։ Այս քայլերով, սակայն, ըստ ուսխորհրդի նախագահի, բուհի ղեկավարությունը ուզում է ընտրության իրավունքը տալ իր նախընտրած մարդկանց։

«Երևի այն մարդիկ լինեն, ովքեր կանեն այն, ինչ կասվի ռեկտորի պաշտոնակատարի կողմից։ Միայն հանգիստ լինեն, վստահ լինեն, կամակատարներ լինեն։ Հիմա մեր համալսարանում վախի մթնոլորտ է, մարդիկ վախենում են խոսել, իսկ ովքեր խոսել են կամ հալածվել են, կամ գործից զրկվել»,- ասում է ուսխորհրդի նախագահը։

Պոլիտեխնիկական համալսարանի միջբուհական համագործակցության և տեղեկատվության վարչության պետ Ռուզաննա Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ բուհի ուսանողներն այդքան իրավական գիտելիքներ չունեն, որ ինքնուրույն կանոնագրեր ստեղծեն, իսկ իրավաբանական վարչությունը ուսխորհրդի կանոնադրությունը կետ առ կետ մշակել է։

«Եթե ուսխորհրդի դեպքում մենք ունենք կանոնադրություն, որը ոչ մեկը ոչ տեսել է, ոչ քննարկվել է, այսինքն կանոնադրությունը պտտվել է ինչ-որ նեղ շրջանակի միջև, իրենք որոշել, իրենք արել, իրենք հաստատել են։ Այստեղ օրենքի խախտում կատարվել է հենց իրենց կողմից։ Եթե դուք ուսումնասիրեք ուսխորհրդի ներկայացուցչական մարմինը գիտխորհրդում, ապա շատ հետաքրքիր պատկեր կտեսնեք։ Ցածր առաջադիմությամբ ուսանողներ, բազում նկատողություններ ունեցողներ։ Ընդամենը բուհի ղեկավարությունը ուզում է, որ օրենքով լինի ամեն ինչ, որևէ ուրիշ խնդիր չկա»,- փոխանցեց Հայրապետյանը։

Ուսխորհրդի նախագահը նշում է, որ 30 անդամներից 22-23-ը բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ են, և բոլորովին պարտադիր չէ, որ համալսարանական կյանքին միայն գերազանցիկները մասնակցեն։ Իսկ բուհի ղեկավարության այն մեղադրանքին, թե ուսխորհրդի կազմը խախտումներով է ձևավորվել, ասպիրանտը պատասխանում է՝ եթե այդպես է, ինչո՞ւ է ղեկավարությունը դա միայն ռեկտորի ընտրությունների նախաշեմին նկատել։

Կրթության և գիտության նախարարությունը, ըստ խոսնակ Զոհրաբ Եգանյանի, բուհում այժմ ստուգումներ է իրականացնում։

«Ուսումնասիրությունների արդյունքների մասին կխոսենք ավելի ուշ։ Ընդամենը մեզ այս պահին անհանգստացնում է այն, որ հերթական անգամ հարուստ ավանդույթներով բուհը հայտնվում է սկանդալի կենտրոնում։ Դա չի կարող նպաստել ուսումնական պրոցեսին, անառողջ մթնոլորտ է ստեղծվել Պոլիտեխնիկում»,- ասում է Եգանյանը։

Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը նախարարությանը մեկ այլ խնդրով էլ է դիմել։ Բուհի ղեկավարության հետ առաջացած խնդիրներից հետո ասպիրանտը անբավարար է ստացել մաթեմատիկայի առարկայից, և հիմա վիճարկում է՝ պնդելով, որ քննությունը խախտումներով է ընթացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG