Մատչելիության հղումներ

logo-print

Բանկերը խուսափում են դրամով վարկեր տրամադրելուց


Անկախ վարկի տեսակից ու դիմողի վարկային պատմությունից, դրամով վարկ ցանկացողներից շատերը բանկերում լսում են նույն պատասխանը՝ մերժված եք։

Բանկերը գործում են, բայց ոչ բոլոր ծառայություններն են հասանելի։ Սպառողական, ուսանողական թե գյուղացիական՝ անկախ վարկի տեսակից ու դիմողի վարկային պատմությունից, դրամով վարկ ցանկացողներից շատերը բանկերում լսում են նույն պատասխանը՝ մերժված եք։

Նրանցից մեկը ջերմոցային տնտեսությամբ զբաղվող արմավիրցի Գևորգ Ղարիբյանն է։ Ի տարբերություն համագյուղացիներից շատերի, վարկ է ուզում վերցնել ոչ թե պարտքերը մարելու, այլ բիզնեսի զարգացման համար։ Տարեսկզբին 700 հազար դրամի ներդրում է արել, ջերմոց կառուցել ու 5 հազար վարունգի սերմ ցանել։ Շուտով տնկիները պետք է տեղափոխի, բայց ոռոգման համակարգի համար օդի ու ջրի պես անհրաժեշտ 200 հազար դրամի հայթայթման հարցում բանկերը հրաժարվում են օգնության ձեռք մեկնել՝ չնայած 10 տարվա անթերի վարկային պատմություն ունի։

«Ու էդ պայմաններում, երբ որ իրանք գիտեն, որ ես անցած տարի 3 մլն ու կես վարկ եմ փակել, 200 հազար դրամ չեմ կարում ես տարի վերցնեմ։ 200 հազարը չեմ կարծում, որ մեծ գումարա հիմիկվա բանկերի համար գյուղացուն տրամադրելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Մերժելու որոշումը, Ղարիբյանի խոսքով, բանկերը պատճառաբանում են դրամի արժեզրկմամբ և դրա անկայուն հեռանկարով։ Ջերմոցատերը չի թաքցնում, որ պատրաստ է անգամ բարձր տոկոսադրույքով վարկի։ Եվս տասը օր, և ազգային արժեքի անկայուն կարգավիճակը հողին կարող է հավասարեցել նրա տնկիները, մինչդեռ դրամի հետ նա հույսեր էր կապել, վարկով պատրաստվում էր նաև ներկայիս ջերմոցի կողքին երկրորդ ավելի մեծը կառուցել։

«Ազատություն» զանգահարած մի քաղաքացի ասաց, որ ուսանող է, չի աշխատում, հավաքել է անհրաժեշտ փաստաթղթերն ու նախօրեին դիմել է բանկ՝ ուսանողական վարկ ստանալու համար և մերժում է ստացել:

Մերժման հիմնավորումները բանկերից լսել չհաջողվեց։ Սակայն զրույցներից պարզ էր դառնում, որ վարկային ծառայություններից զգուշանում են դրամի անկայունության պատճառով։ Հնարավոր ռիսկերից ապահովագրվելու համար, բանկերից մեկը գրեթե կրկնապատկել է տոկոսադրույքը՝ նվազագույն շեմը դարձնելով 24 տոկոս։

Կենտրոնական բանկը դեռ չի հրապարակել տվյալները, թե հունվարին հայաստանյան բանկերը որքան են վարկ տրամադրել: Մինչդեռ տնտեսագետների գնահատմամբ, վարկային ծավալների նվազումը նկատելի էր անգամ դեկտեմբերին։ Այն, որ բանկերը հրաժարվում են տրամադրել անգամ պետական սուբսիդավորմամբ վարկերը, Վահագն Խաչատրյանի կարծիքով, վկայում է մի բանի մասին՝ Հայաստանում կա «դրամի սով»։

«Դա ճիշտ է արհեստական ձևով է արվել, իրականում դրամի սով չկա և չէր էլ կարող լինել, բայց քանի որ ԿԲ հիմնական խնդիրը ինֆլյացիայի սցենարը պահելն է, այդ պատճառով նա դրամի գինը արհեստական բարձրացնում է և թույլ չի տալիս, որպեսզի դրամն արժեզրկվի», - հավելեց տնտեսագետը։

ԿԲ-ի այսօրինակ մոտեցումը, ըստ Խաչատրյանի, մշուշոտ է դարձնում ապագայի հանդեպ պատկերացումներն ու բանկերին ստիպում է հեռու մնալ ակտիվ վարկային քաղաքականությունից։ Իսկ նրանք, ովքեր գնում են ռիսկի, բնականաբար, տոկոսադրույքի բարձրացման մեթոդով են փորձում ապահովագրել իրենց։

Տնտեսագետին զարմացնում է, որ մինչև այժմ կառավարությունը հակաճգնաժամային առաջարկություններով հանդես չի եկել․ - «Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը հիվանդ է, գտնվում է հակաճգնաժամային իրավիճակում։ Հիվանդության պատճառը վարվող քաղաքականությունն է, որը կոչվում է մրցակցության բացակայություն, կոռուպցիա, և այս պայմաններում, բնականաբար, բանկերը փորձում են ավելի պահպանողական քաղաքականություն վարել, այսպես ասած շառից ու փորձանքից հեռու»։

Ի դեպ, Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր որոշել է 1.0 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ այն սահմանելով 10.5 տոկոս:

XS
SM
MD
LG