Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կոմունիստների ղեկավարը պարգևատրել է Իլհամ Ալիևին


Հիացմունքի և երախտիքի խոսքեր, ջերմ հիշողություններ փառավոր անցյալից, Արևմուտքի հասցեին կոշտ քննադատություն․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախօրեին Բաքու ժամանած Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովի հետ ուղեկցվել է այսպիսի տրամադրություններով և ավարտվել է Կոմունիստական կուսակցության շքանշանը Ադրբեջանի նախագահի կրծքին ամրացնելով:

Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի վաղեմի ընկերն ու գաղափարակիցը Բաքու էր ժամանել՝ հանդիպելու Ադրբեջանի իշխանություններին, մասնավորապես՝ Ալիև կրտսերին: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանի գլխավոր կոմունիստի հետ հանդիպմանը Ալիևը խոսել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, կիսվել տպավորություններով Մյունխենյան համաժողովից: Գենադի Զյուգանովը նշել է, որ Բաքվում իրեն զգում է ինչպես հարազատ ու մտերիմ մարդկանց կողքին:

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու փաստից սրտնեղած ռուսաստանցի կոմունիստը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին այդ ծանր պահին իր երկրի կողքին լինելու համար:

«Ռուսաստանյան պատվիրակությունն էլ մեր օգտին է քվեարկել, երբ մեզ ճնշում էին», -հիշեցրել է Ալիևը և նշել, որ ժամանակին իր ճակատագիրը կապված էր ԵԽԽՎ-ի հետ ու որ ինքը մշտապես հետևում էր այդ կազմակերպության գործունեությանը, սակայն դա անցյալում է:

«Այսօր ԵԽԽՎ-ն այլևս այն չէ», - նկատել է Իլհամ Ալիևը՝ չնշելով, սակայն, թե հատկապես ինչից է հիասթափված:

Փոխարենը Ադրբեջանի նախագահը խոսել է վերջին օրերին Մյունխենում տեղի ունեցած համաժողովից: Նա չի թաքցրել իր կարծիքը՝ ասելով, որ Եվրոպան, ի տարբերություն Միացյալ Նահանգների, իրավիճակը բավականին խելամիտ է գնահատում և ընդգծել է, որ այդ մասին անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ է քննարկել՝ ասելով, որ Եվրոպան չպիտի գնա ԱՄՆ-ի հետքերով:

«Եվրոպան, ինչպես Ուկրաինան, ԱՄՆ-ի համար մանրադրամ է», - ասել է Իլհամ Ալիևը, ում վերջին շրջանում Վաշինգտոնից հաճախ են քննադատում՝ երկրում բռնաճնշումներ կազմակերպելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG