Մատչելիության հղումներ

Հայաստանն իրական ձեռքբերումներ է գրանցել ժողովրդավարության ոլորտում. Ռուբին


ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էրիկ Ռուբինը Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, արխիվ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էրիկ Ռուբինը Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, արխիվ

Հայաստանի ձեռքբերումների և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին է պատմում «Ամերիկայի Ձայնին» տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը։

«Ամերիկայի Ձայն».- Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս են ազդել տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականության վրա:

Ռուբին.- Տարածաշրջանի երեք երկրների նկատմամբ մեր քաղաքականությունը շարունակում է անփոփոխ մնալ Խորհրդային Միության փլուզումից ի վեր. մենք աջակցում ենք այդ երկրների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Միևնույն ժամանակ մենք աջակցում ենք այդ երկրների տնտեսական աճի զարգացմանը, բարգավաճմանը, ժողովրդավարության և թափանցիկ կառավարման և ազատ մամուլի ձևավորմանը: Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ոչ թե ԱՄՆ-Ռուսաստան անհամաձայնությունների կամ մրցակցության կոնտեքստում, այլ երկրների հետ սերտ հարաբերություններ հաստատելու տեսանկյունից՝ չբացառելով, որ այդ երկրները կարող են հարաբերություններ զարգացնել նաև այլ երկրների հետ:

«Ամերիկայի Ձայն».- Հայաստանը որևէ կապ չունի Ուկրաինայի նկատմամբ վարվող Մոսկվայի քաղաքականության հետ, սակայն տուժում է Ռուսաստանի իշխանությունների դեմ ընդունված Արևմուտքի պատժամիջոցներից։

Ռուբին.- Մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանի տնտեսական դժվարությունները ազդում են տարածաշրջանի մյուս երկրների վրա և միանշանակ համաձայն ենք, որ պետք է աշխատենք այդ պետությունների իշխանությունների հետ, որպեսզի օգնենք հաղթահարել տնտեսական դժվարությունները: Այդ պատժամիջոցների նպատակը տարածաշրջանի այլ երկրներին պատժելը չէ, այնպես որ մենք անշուշտ ցանկանում ենք աշխատել նրանց հետ և աջակցենք նրանց։ Կարծում եմ, մեր նոր դեսպանը Ռիչարդ Միլսը Երևանում նաև այս հարցն է քննարկելու ժամանելուն պես:

«Ամերիկայի Ձայն».- Ինչպե՞ս են զարգանալու հայ-ամերիկյան հարաբերություններն այս տարվա ընթացքում:

Ռուբին.- Մեր կարևորագույն առաջնահերթությունն է Հայաստանի տնտեսական աճը, ինչպես նաև ապրանքաշրջանառության և ներդրումների ավելացումը, քանի որ Հայաստանը դրա կարիքն իրոք ունի: Մենք բավարարված չենք տնտեսական հարաբերությունների ներկա վիճակով և ցանկանում ենք ավելի խոշոր ամերիկյան ներդրումներ տեսնել Հայաստանում:

Երկրորդ առաջնահերթությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է. մի հակամարտություն, որը բացասական, անարդար և ցավալի է բոլորի համար, և այժմ հակամարտության գոտում մահացածների և վիրավորների թիվը ամենաբարձրն է պատերազմի ավարտից հետո: Դա նորմալ չէ, և մենք պատրաստ ենք սերտ աշխատել երկու առաջնորդների հետ: Մենք գիտակցում ենք, որ չկա մի կախարդական լուծում, մենք գիտակցում ենք, որ սա երկարատև ու ծանր հակամարտություն է, սակայն այն չպետք է ընթանա սխալ ուղղությամբ: Կարծում ենք, որ այս տարի կարող է առաջընթացի տարի լինել:

Մենք նաև պատրաստ ենք աջակցել ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման հարցում, որը Հայաստանի լուրջ ձեռքբերումներից է: Փաստ է, որ Հայաստանն ունի իրական բազմակուսակցական խորհրդարան, որ մամուլում գոյություն ունի իրական բանավեճ, Հայաստանում առկա է հավաքների ազատություն, առկա է հասարակություն, որում մարդիկ կարող են արտահայտել իրենց հայացքները, և մենք ցանկանում ենք սատարել այդ ամենը՝ աշխատելով իշխանությունների հետ: Իմ կարծիքով, այս ոլորտում Հայաստանն իրական ձեռքբերումներ է գրանցել վերջին տարիների ընթացքում:

XS
SM
MD
LG