Մատչելիության հղումներ

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան, արխիվ
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան, արխիվ

Այսօրվա նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5 տոկոս:

ԿԲ հաղորդագրության համաձայն, 2015 թվականի հունվարին արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3 տոկոս՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին:

«Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին»:

«Խորհուրդն արձանագրում է, որ 2015 թվականի ընթացքում արտաքին հատվածում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի արագացում, որին զուգահեռ ձևավորվել են տոկոսադրույքների բարձրացման սպասումներ` նպաստելով ԱՄՆ դոլարի արժևորմանը և հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների նվազմանը: Այս դրսևորումները հանգեցրել են զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի ավելացմանը, որն էլ պատճառ է դարձել զարգացող երկրների արժութային շուկաներում արձանագրված բարձր տատանողականության, տոկոսադրույքների աճի և տնտեսական աճի տեմպերի դանդաղման»:

«Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարվա վերջին վերոնշյալ զարգացումներով և տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված Հայաստանի ֆինանսական և ապրանքային շուկաներում տեղի ունեցած դրսևորումներն աստիճանաբար չեզոքանում են: Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները, որոնք ներկայումս ձևավորվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքի շրջանակներում, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը նվազեցնելով 2.5 տոկոսային կետով՝ մինչև 14.5 տոկոս:

«Բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները կնվազեն՝ մոտենալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը բարձրացվել է մինչև 10.5 տոկոս՝ արտացոլելով զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի և տոկոսադրույքների աճի միտումները ավելի երկարաժամկետ հատվածում»:

«ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ նշված գործողությունները կկրճատեն ԿԲ քաղաքականության և շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների միջև ձևավորված տարբերությունը՝ նպաստելով ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում»:

«Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 14.5 տոկոս և 9 տոկոս», - մասնավորապես ասված է բանկի հաղորդագրության մեջ:

ԿԲ-ից նաև հաղորդում են, որ տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ փետրվարի 20-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2015 թվականի առաջին եռամսյակի ծրագրում):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG