Մատչելիության հղումներ

«Լևադա» կենտրոնը հրապարակել է իր հերթական հետազոտության արդյունքները:

Ռուսաստանում հակաարևմտյան տրամադրությունները հասել են գագաթնակետին։

Հանրային հարցումներ անցկացնող «Լևադա» կենտրոնի վերջին հետազոտության համաձայն՝ Միացյալ Նահանգների նկատմամբ բացասական է տրամադրված ռուսաստանցիների 81 տոկոսը, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է 2014 թվականի հարցման արդյունքը` 44 տոկոս։ Իսկ ռուս - ամերիկյան հարաբերությունները «թշնամական» համարող ռուսաստանցիների թիվը անցյալ տարվա համեմատությամբ տասնապատիկ է աճել` 4 տոկոսից հասնելով 42 տոկոսի։

Եվրամիության հետ հարաբերությունները բացասական է համարում ռուսաստանցիների 71 տոկոսը։ Շեշտակի աճել է Մոսկվա - Բրյուսել կապերը «թշնամական» համարողների թիվը` եթե 2014-ին ռուսաստանցիների ընդամենը 1 տոկոսն է Եվրամիության մեջ թշնամի տեսել, ապա այս տարի հարցվածների 24 տոկոսն է այդպես մտածում։

«Լևադա» կենտրոնի փորձագետները նշում են, որ, այնուամենայնիվ, ռուսաստանցիների 40 տոկոսը ենթադրում են, որ Արևմուտքի հետ հարաբերությունները պետք է բարելավել։ Մինչդեռ, 36 տոկոսի համոզմամբ, Ռուսաստանի շահերից բխում է հնարավորինս հեռու մնալ Արևմուտքից։

Հետաքրքիր մեկ այլ հանգամանք է այն, որ Ռուսաստանում 45 տոկոսից մինչև 27 է իջել Դաշնությունը ազդեցիկ տերությունների շարքը դասողների թիվը։

Ամերիկայի նկատմամբ թշնամանքը չի փոխվում, իսկ Եվրամիության և Ուկրաինայի նկատմամբ ռուսների վերաբերմունքը հետզհետե վատթարանում է, և դեռ հայտնի չէ, թե երբ այդ միտումը կանգ կառնի։

«Լևադա» կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինի փոխանցմամբ՝ Արևմուտքի, Ամերիկայի հանդեպ բացասական վերաբերմունքը պայմանավորված է Ուկրաինայի գործոնով, բացի այդ՝ մարդիկ անարդարություն են համարում երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Հարցվածների մեծ մասն ընդունում է, որ տնտեսությունը բարվոք վիճակում չէ և Ռուսաստանը հետ է մնում Արևմուտքից, սակայն այդ մարդիկ ունեն այսպիսի բացատրություն` Արևմուտքը ռուսներին համարում է տնտեսական մրցակիցներ և միտումնավոր է ստեղծում անբարենպաստ պայմաններ Դաշնության զարգացումը զսպելու համար։

Ռուսաստանցիների մեծ մասը համոզված է, որ ուկրաինական պատերազմի համար պատասխանատվություն են կրում Ամերիկան, Եվրամիությունը և արևմտյան տեղեկատվական արշավը։

Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ քաղաքագետ Դմիտրի Օրլովն ասել է, թե պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կբարելավվեն։ Նրա գործընկեր Ալեքսեյ Մակարկինն այդչափ լավատես չէ՝ նա ասել է, որ Ռուսաստանում մեծամասնության տեսակետից Միացյալ Նահանգներն ավանդաբար համարվել է «բացասական» դերակատար, իսկ Եվրոպան` «դրական», սակայն ուկրաինական զարգացումների ընթացքում եվրոպացիների հանդեպ նույնպես բացասական վերաբերմունք է առաջացել։

Ռուսաստանցիների կարծիքով՝ Եվրոպան ուրացել է «ավանդական արժեքները»։ Հիմա Ռուսաստանում շատերն ինքնահաստատվում են որպես «ավանդական արժեքների» կրողներ, մի մասն էլ ընդունում է, որ Ռուսաստանը չի հասնի Եվրոպային, այդ տրամադրությունների աճին նպաստել են նաև պրոպագանդայի և պատժամիջոցների գործոնները։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG