Մատչելիության հղումներ

logo-print

«Մեծ է հավանականությունը», որ ԲՀԿ-ն կբոյկոտի հաջորդ քառօրյան


Եթե Արտակ Խաչատրյանի առևանգման և դաժան ծեծի պատվիրատուներն ու իրականացնողները շուտափույթ չբացահայտվեն, ապա տեղի ունեցած զազրելի հանցագործության ողջ պատասխանատվությունը կկրի քաղաքական իշխանությունը, «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Իրենց պատկերացրած «ապահով Հայաստանը» շատ սրընթաց քայլերով վերածվում է գանգստերական և բանդիտական Հայաստանի։ Ես միայն Արտակի դեպքի մասին չեմ ասում, դրան նախորդող բոլոր դեպքերը վկայում են մեկ բանի մասին, որ ազատ խոսք, ազատ տեսակետ, սեփական իրավունքի համար պայքար այսպիսի հետևանք է ունենում»,- ասաց Զոհրաբյանը։

Եթե սեղմ ժամկետներում հանցագործութունը չբացահայտվի, հրաժարականների պահանջները մեկ երկու պաշտոնյայով չեն սահմանափակվի, ասաց Զոհրաբյանը։ ԲՀԿ-ն կարող է բոյկոտել նաև Ազգային ժողովի նիստերը, եթե մինչև հաջորդ քառօրյայի սկիզբը՝ փետրվարի 23-ը չբացահայտվեն կատարողներն ու պատվիրատուները:

«Եթե մինչև այդ բացահայտված չլինի, ապա անկախ նրանից՝ մեր համախոհ քաղաքական ուժերը կմիանան, թե չէ, մեծ է հավանականությունը, որ ԲՀԿ-ն կբոյկոտի հաջորդ քառօրյան»,- ասաց ԲՀԿ պատգամավորը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասում է՝ բոյկոտելու հարցը այսօր կամ վաղը կքննարկեն, քանի որ կոլեկտիվ որոշման կողմնակից են, իսկ իր անձնական կարծիքով՝ բոյկոտը անգամ ուշացած է։

«Եթե նախորդ քառօրյային այդ բոյկոտը անեինք, կարող է այս դեպքերը չլինեին։ Հասարակությունը որքան շուտ արձագանքի այս դեպքերին, ճիշտ, արագ, ռադիկալ քայլերով արձագանքի, այս դեպքերը կկանխվեն։ Ուրիշ ձև չկա»,- ասաց Մանուկյանը։

Մեկ ամիս առաջ սեփական տան շքամուտքում բռնության ենթարկված ընդդիմադիր գործիչը վստահ է՝ բռնության դեպքերը պետք չէ դիտել որպես կոնկրետ անձանց դեմ իրականացված քայլեր: Մանուկյանը համարում է՝ իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով կանխել սպասվող քաղաքական պայքարը:

«Բոլորը գիտեն, որ առաջիկայում եռյակի լիդերների հանդիպում և միասնական միջոցառումների քարտեզն է մշակվելու, մասնավորապես, հանրահավաքների։ Հանրահավաքների դեմն առնելու համար իշխանությունը, քանի որ այլ գործիքներ չունի, փորձելու է վախի մթնոլորտ տարածել»,- ասաց պատգամավորը։

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ եթե խորհրդարանի նիստերը բոյկոտելու խնդիր լինի, ապա դրա հիմքում պետք է դրվի ոչ միայն Արտակ Խաչատրյանի դեմ բռնության դեպքը.- «Կարծում եմ, պետք է լինի համալիր, լիարժեք մոտեցում, միայն մի դեպք չէ։ Սա ունի շարունակական բնույթ։ Այս տարվա բոլոր դեպքերը պետք է ներառված լինեն բոյկոտի պահանջի մեջ։ Եթե ոչ, ուրեմն մենք ուղղակի հատվածային մոտեցում ենք ցուցաբերում, որը չի ունենալու արդյունավետություն»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ նկատում է՝ որևէ բռնարարք չի բացահայտվում, բացահայտվածներն էլ իրական և համարժեք գնահատական չեն ստանում, իշխանությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացու անվտանգությունը և այս կեցվածքով ընդդիմությանը մղում է ավելի արմատական քայլերի.- «Այլևս չի կարելի համբերել, հանդուժել, իշխանությունը լիկբեզային ձևակերպումներ է տալիս, թե «դատապարտում ենք»։ Ընդամենը խոսքեր են»։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենք մայդանի կողմնակից չեն, առայժմ փորձում են օրենքի շրջանակներում ժամանակ տալ իրավապահներին՝ բացահայտելու գործը, սակայն եթե «կարճ ժամկետում արդյունք չեղավ, ոչ ոք ժողովրդական ընդվզումը չի կարող բացառել»:

«Որևէ մեկը չի կարող բացառել և որևէ մեկը չի կարող կանխել, երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս կգան իրենց իրավունքների, ՀՀ քաղաքացու ոտնահարված իրավունքի համար պայքարելու, երբ երիտասարդին, որը ընդամենը պայքարում էր իր և իր գործընկերների իրավունքների համար, կարող են էսպես սիցիլիական գանգստերների ոճով առևանգել և վեց ժամ շարունակ դաժանաբար ծեծել»։

Քառյակը լքած Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը ևս դատապարտում է բռնությունը։ Նրա խոսքով՝ էլ ավելի անընդունելի է իր իրավունքները պաշտպանող քաղաքացու դեմ հարձակումը: Ողջ հանրությունը, անկախ քաղաքական հայացքներից, պետք է պահանջի գտնել մեղավորներին:

Ոչ իշխանական ուժերի հնարավոր բոյկոտին միանալու մասին դաշնակցական պատգամավորն ասաց՝ դեռ նման հարց չի քննարկվել, սակայն նման քայլի դիմելուց առաջ պետք է արդյունավետությունը քննարկել՝ արդյոք օրենսդիրներին անգործության մատնելը կնպաստի գործի բացահայտմանը:

«Խռովկանի կեցվածքով չպետք է այստեղ առաջնորդվել, այլ պահանջատիրոջ»,- ասաց Մինասյանը։

Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկողներին և պատվիրատուներին շուտափույթ բացահայտելու պահանջով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել «Կասեցում» շարժման մասնակիցները։ Ներկա էին նաև ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները: Կառավարության շենքի մոտից ակցիայի մասնակիցները, հաղթահարելով ոստիկանական պատնեշը, շարժվեցին դեպի Քննչական կոմիտե՝ պահանջելով հանցագործությունը սեղմ ժամկետներում բացահայտել։

XS
SM
MD
LG