Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան, արխիվ

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան, արխիվ

«Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցությունն այսօր քաղխորհրդի նիստում անդրադարձել է վերջին ամիսներին քաղաքացիների, հասարակական ակտիվիստների, քաղաքական գործիչների, և փետրվարի 7-ին ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կիրառված բռնության դեպքերին։

Կուսակցությունը խստորեն դատապարտել է ցանկացած ոտնձգություն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ:

«Անընդունելի է հասարակական-քաղաքական գործընթացների զարգացումները, սոցիալ-տնտեսական և տարրաբնույթ այլ խնդիրների հետ կապված մարդկանց արդարացի բողոքի ձայնը բռնությունների և ահաբեկումների միջոցով կասեցնելու փորձերը», - ասված է կուսակցության քաղխորհրդի տարածած հաղորդագրությունում։

Կուսակցությունը փաստել է, որ «վերջին շրջանում արդեն հաճախակի կրկնվող հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների վրա խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական համերաշխության մթնոլորտի ապահովման համար»:

«Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և պատժելու համար, միջոցներ ձեռնարկեն հետագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Հակառակ դեպքում երկրում կարող է ձևավորվել անպատժելիության մթնոլորտ և բռնության ավանդույթ: Արտաքին մարտահրավերների, օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական բացասական միտումների պայմաններում երկրի ներսում թշնամանք ու ատելություն սերմանելու ցանկացած դրսևորում լրջագույն սպառնալիք է հանրության և Հայաստանի ազգային անվտանգության համար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG