Մատչելիության հղումներ

Էրիկ Ռուբին. Միլսը մեր լավագույն դիվանագետներից մեկն է


ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբին

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբին

Միացյալ Նահանգների նոր դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստան է ժամանելու արդեն մյուս շաբաթ:

Պետդեպարտամենտում դեսպան Միլսին բնութագրում են որպես Միացյալ Նահանգների լավագույն դիվանագետներից մեկի և մի մարդու, ով տեղյակ է հայկական խնդիրներից երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջին իսկ օրվանից:

Միացյալ Նահանգները կարևորագույն նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, ասել է «Ամերիկայի Ձայնին» տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը։

«Մեր առաջնահերթ նպատակն է ապահովել Հայաստանում տնտեսական աճ ու ներդրումների ավելացում։ Դա այն է, ինչի կարիքն այժմ Հայաստանն իրոք ունի, և մենք բավարարված չենք մեր երկկողմ համագործակցության ներկա մակարդակով, մենք ցանկանում ենք տեսնել ամերիկյան ներդրումների աճ Հայաստանի տնտեսության մեջ»,- ասել է Ռուբինը։

Ռուբինի խոսքով, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին է վկայում նաև Ռիչարդ Միլսի նման փորձառու դիվանագետի նշանակումը որպես Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան։

«Նա մեր լավագույն դիվանագետներից մեկն է: Ես դա համոզված եմ ասում, որովհետև իր հետ աշխատելու առիթ եմ ունեցել Սովետական Միության փլուզումից ու Հայաստանի անկախացումից անմիջապես հետո: Այն ժամանակ ես Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցի պատասխանատուն եմ եղել և հանձնեցի բոլոր պարտականությունները Ռիք Միլսին»,- ասել է Ռուբինը։

«Դեսպան Միլսը եղել է Պետդեպարտամենտի հայկական բաժնի առաջին ղեկավարը, և համոզված եմ, որ նա հայաստանցիների սրտերը կգրավի»,- ասում է դիվանագետը.- «Նա ունի երկարատև և սերտ հարաբերություններ Հայաստանի և հայ ժողովրդի հետ, Հայաստանին վերաբերվում է անչափ հոգատարությամբ, չափազանց տաղանդավոր ու աշխատասեր անձնավորություն է»:

XS
SM
MD
LG