Մատչելիության հղումներ

logo-print

«Օֆշորային գործի» քննությունը դոփում է տեղում


Հայաստանի իրավապահ մարմինները մեկ տարուց ավելի է չեն կարողանում պարզել՝ արդյոք կիպրոսյան օֆշորում գրանցված Wlispera Holdings Limited ընկերության փաստաթղթղերում առկա ստորագրությունները պատկանու՞մ են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ու արքեպիսկոպոս Կճոյանին են, թե՞ ոչ:

Wlispera Holdings Limited ընկերության փաստաթղթղերի բնօրինակները գտնվում են Կիպրոսում: Օֆշորային հայտնի գործը քննող Քննչական կոմիտեն դիմել է դատախազություն՝ Կիպրոս միջազգային քննչական հարցում ուղարկելու խնդրանքով: Ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը,առայժմ Հայաստանի դատախազությունից որևէ պատասխան չեն ստացել:

Նշենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, միջազգային քննչական հարցում կարող է ուղարկել միայն դատախազությունը:

«Երբ գործը քննում էր ոստիկանությունը, դեռ 2013 թվականի նոյեմբերին նրանք էին նման խնդրանքով դիմել դատախազություն: Այնուհետև, 2014-ի ապրիլին ոստիկանությունը հիշեցում էր ուղարկել դատախազություն: Երբ գործն անցավ Քննչական կոմիտեին, կոմիտեն 2014-ի նոյեմբերին ևս մեկ հիշեցում ուղարկեց դատախազություն, սակայն առ այսօր որևէ պատասխան չկա», - ասաց Տռուզյանը:

Դատախազությունից այսօր չկարողացանք արձագանք ստանալ նաև մենք․ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով խորհրդական Քրիստինե Մելքոնյանն այսպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Օֆշորի գործով տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը բազմիցս հայտարարել է և այսօր էլ «Ազատության» հետ զրույցում պնդեց․ որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավ է դրել «Ամերիաբանկ»-ում, որը այն գնահատել է ընդամենը 33 միլիոն դոլար ու դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Սակայն վերջինս այդ գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին: Արդյունքում՝ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սակայն Սուքիասյանը, ով ձերբակալվեց 2014-ի հունվարին Թբիլիսում և միայն հինգ ամիս անց հանձնվեց հայաստանյան իրավապահներին, պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:

«Չեմ հասկանում, 2013-ից ի վեր Հայաստանի իրավապահ մարմինները ինչպե՞ս չեն կարողանում Կիպրոսից ստանալ այդ փաստաթղթղերի բնօրինակները, որպեսզի փորձաննքություն իրականացնեն», - այսօր «Ազատությանը» ասաց Փայլակ Հայրապետյանը: - «Ոչ մի պատասխան չկա: Թե՝ ուղարկել ենք, չեն պատասխանում: Անհասկանալի բան: Այսօր կոմպյուտերով եթե դատախազությունը գրի, որ պահանջ է սա, նրանք պարտավոր են ուսումնասիրել․․․ Կիպրոսը դառել է աշխարհի հզոր պետություն, մեր պետությանը դակումենտ չի տալիս»:

Հայրապետյանը տեղեկացրեց, որ վերջերս երկու անգամ հանդիպել է «Նուբարաշեն» քրեկատարողականա հիմնարկում գտնվող Աշոտ Սուքիասյանին․ - «Ասում է՝ ի՞նչ անեմ, ես տվել եմ, այսպես է եղել: Ասում եմ՝ բայց փողերը որտե՞ղ ես ուղարկել, խի՞ ես ուղարկել: Ասում է՝ լավ եմ արել․․․ նվեր եմ տվել: Թերթում էլ է գրած, թե՝ ես պատրաստել եմ նվեր Կճոյանին և Սարգսյանին»:

Այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունները օֆշորային գործին:

XS
SM
MD
LG