Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ․ Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության կոչերը


Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ ժամանակն է սթափեցնելու հակառակորդ երկրին, և հավելում, որ Ադրբեջանն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, և առհասարակ միջազգային հանրության կոչերը։ Դրա վկայությունը ոչ միայն տարեսկզբից նոր թափ առած սահմանային լարվածությունն ու տասնյակ զոհերն են, այլ նաև Մյունխենում Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարությունները։

Ի՞նչու է Ադրբեջանը սրում իրավիճակը, կրակ արձակում ու սպանում խաղաղ բնակչությանն ու դիրքերում հերթապահող հայ զինվորներին, հայաստանյան պատվիրակության այս հարցերին, Ադրբեջանի առաջնորդը հարցերով է պատասխանել ու սպառնացել:

«Ի՞նչ է անում հայ զինվորը օկուպացված տարածքներում, ի՞նչ է կորցրել նա Աղդամում, եթե չի ուզում մահանալ, թող չգնա Աղդամ։ Թող մնա իր Երևանում, Գյումրիում, իր երկրում։ Դուք ձեզ համար բավականաչափ տարածքներ ունեք ձեր երկրում, որտեղ, իմիջիայլոց, այդքան էլ մարդ չի մնացել, և ուրեմն ի՞նչ եք դուք անում Աղդամում, ի՞նչ եք անում Ֆիզուլիում», - ասել է Ալիևը:

Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի գնահատմամբ՝ Ալիևն այս կերպ չի թաքցնում, որ հրաժարվում է զերծ մնալ ուժի կիրառման սկզբունքից։

«Մյունխենի անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահի արտահայտած գաղափարները և դիրքորոշումները հստակ վկայում են, որ միջազգային հանրության կոչերի նկատմամբ նա արհամարհական վերաբերմունք ունի և շարունակում է առավելապաշտական գիծը: Մենք նորից ենք գտնում, որ ժամանակն է Ադրբեջանին սթափեցնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Բալայանը:

Սթափեցման հարցում քայլեր արդեն կատարվում են, վստահեցնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակն ու մատնանշում միջնորդների արձագանքները։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուշագրավ է նաև նրանով, որ Ալիևն այս խոսքերը արտաբերել է ոչ թե սեփական երկրում, սեփական զինուժի կամ հանրության առջև, այլ միջազգային բարձր ամբիոնից։

Հայկական կողմը շեշտում է, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում Ալիևը, ըստ էության, հրաժարվել է ընդունել միջնորդների կողմից առաջարկված միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքները։ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ այսօրվա հանդիպման ժամանակ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է հենց Մադրիդյան սկզբունքների մասին՝ ԵՄ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի զինուժի կողմից շփման գծում և Հայաստանի հետ սահմանին շեշտակի հաճախակիացած սադրիչ գործողությունների վրա։

«Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ արգելակում է բանակցային գործընթացի առաջընթացը»,- ասել է նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին հերթական սպառնալից հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը՝ ընդգծելով, որ պատերազմն իրենց համար դեռ ավարտված չէ և այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ, «հայկական օկուպացիոն ուժերը դուրս չեն բերվել օկուպացված տարածքներից»։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ` Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության և Ալիևի ռազմատենչ հայտարարությունները չէին լինի, եթե Հայաստանը հակառակորդի սթափեցման հարցում հույսը չդներ միայն միջազգային արձագանքի վրա: Քաղաքագետի խոսքով, իշխանության դիվանագիտական անգործությունը հակառակորդին անպատժելիության զգացողություն է տալիս:

«Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, սպառնալից հայտարարությունները նշանակում են, որ մենք դեռևս կունենանք լարվածության հաջորդ պարույրը առաջիկայում», -ասաց Սաֆարյանը:

Նրա կարծիքով, շփման գծի լարվածությամբ Ալիևը փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կարգավորման գործընթացում ներառելով նաև ոչ հայամետ երկրներին:

«Նրանց պաշտոնական շրջանակները բացահայտ հայտարարում են, որ պետք է հասնել այնպիսի մի ձևաչափի ստեղծման, որտեղ կլինեն երկրներ որոնց կառավարությունների վրա հայկական Սփյուռքը ազդեցություն չի ունենա, և դրա տակ դիտարկվում են Թուրքիան, Գերմանին և այլն: Նրանց պետք է այնպիսի մի մասշտաբի արկածախնդրություն, ապասառեցում կամ լարվածություն, անկայունություն, որը գուցե չբերի պատերազմական հաղթանակների Ադրբեջանի համար, բայց նրանք հույս ունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

XS
SM
MD
LG