Մատչելիության հղումներ

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. մայր և որդի ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Այսօր ժամը 5։20 Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի 47-ամյա բնակչուհի Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի», և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, փոխանցում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս։ Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝ «մեր մահվան պատճառը էդ սր-ն է», որից վերցվել են պատի քերուկներ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար», և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով»։ Հոդվածները նախատեսում են ազատազրկում՝ երկուսից մինչև վեց տարի ժամկետով:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննության, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխային ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել մայրը։

«Քննությամբ պարզվել է, որ մայրը փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից», - ասված է հաղորդագրությունում։

Արարքը որակվել է որպես երեխայի նկատմամբ սպանության փորձ և հարուցվել քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG