Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Ադրբեջանի նախագահը արհամարհում է միջազգային հանրության կոչերը


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Նալբանդյանը ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին շեշտակի հաճախակիացած սադրիչ գործողությունների վրա:

«Անցյալ շաբաթվա վերջին՝ Մյունխենի անվտանգության համաժողովին, Ադրբեջանի նախագահի հրաժարումը՝ ընդունել միջնորդների կողմից առաջարկված միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքները որպես հակամարտության կարգավորման հիմք, նրա արտահայտած դիրքորոշումները վկայում են միջազգային հանրության կոչերի նկատմամբ արհամարհանքի ու առավելապաշտական գծի շարունակման մասին», - ընդգծել է նախարարը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ արգելակում է բանակցային գործընթացի առաջընթացը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG