Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդրիոյի հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել են հանդիպմանը:

Հանդիպման ավարտին ԵԱՀԿ-ի գործող նախագահը և Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք թարգմանաբար:

«Մենք համակարծիք ենք, որ շփման գծում և Հայաստան – Ադրբեջան սահմանին ռազմական իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ սպառնալով տարածաշրջանի կայունությանը և սպառնալիքի տակ դնելով խաղաղ բնակիչներին: Դեսպան Անջեյ Կասպշիկի հունվարյան դիտարկման զեկույցներում հիշատակված 12 զոհերի և 18 վիրավորների թիվը 1994 թվականի հրադադարի կնքումից ի վեր տարվա առաջին ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր հաստատված ցուցանիշն է: 2014 թվականից հետո, երբ զոհվել էր շուրջ 60 մարդ, մենք անհանգստացած ենք այս մտահոգիչ միտման շարունակմամբ»:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերը պետք է դադարեցնեն ուժի կիրառումը: Մենք կոչ ենք անում կողմերին վերջ դնել դիվերսիոն ներթափանցման փորձերին, դադարեցնել գյուղերի և խաղաղ բնակիչների թիրախավորումը, հակահարվածներ հասցնելու և անհամաչափ հարվածներ հասցնելու սպառնալիքները, հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարն ամրապնդելու ուղղությամբ: Մենք անընդունելի ենք համարում այն փաստը, որ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ անվտանգության երաշխիքները ամբողջովին չեն պահպանվում:

Մենք վերահաստատում ենք 2014-ի դեկտեմբերի 4-ին Բազելի նախարարական խորհրդում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որը կողմերին կոչ է անում կարգավորել հումանիտար հարցերը, այդ թվում՝ վերադարձնել մարմիններն և կալանավորվածներին՝2010 թվականի հոկտեմբերի Աստրախանի հայտարարության ոգուն համապատասխան:

Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ-ի գործող նախագահի լիակատար աջակցությամբ, պատրաստ են հրավիրել բանակցային ինտենսիվ գործընթաց, որը կարող է խաղաղ հանգուցալուծում բերել մի հակամարտության, որը չափազանց երկար ժամանակ սարսափի մեջ է պահել տարածաշրջանը: Մենք կոչ ենք անում կողմերին քաղաքական կամք դրսևորել և անհապաղ, առանց արդարացումներ փնտրելու, սկսել այս գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG