Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Բաքվին մեղադրում է բանակցային գործընթացը տապալելու մեջ


Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը հրապարակել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով հոդվածում Էդվարդ Նալբանդյանը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։

«Ադրբեջանը մերժեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, որոնք առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ներառյալ՝ Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս), Աստրախանի (2010թ. հոկտեմբեր), Սոչիի (2011թ. մարտ) և Կազանի (2011թ. հունիս) գագաթաժողովների ժամանակ: Ադրբեջանը մերժել է եռանախագահների կողմից ներկայացված բոլոր առաջարկները։ Նա փորձում է տարբեր միջազգային հարթակներում ոչ միայն խեղաթյուրել բանակցային գործընթացի էությունը, այլև հակամարտության բնույթը՝ չխորշելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը` ներկայացնելով հակամարտության հետևանքները որպես դրա պատճառներ»,- գրում է Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարը, կարևորելով միջնորդների կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցների իրականացումը, ընդգծում է. - «Համանախագահները ներկայացրել են վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների վերաբերյալ մի շարք առաջարկներ՝ հրադադարի ռեժիմի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում: Բոլոր այս առաջարկները հավանության են արժանացել մի շարք կարևորագույն միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: Դրանք ողջունել են նաև Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Բայց բոլորը մերժվել են Բաքվի կողմից»։

Ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ Հայաստանի տեսլականը՝ Էդվարդ Նալբանդյանը գրում է. - «Մենք համոզված ենք, որ վերջին վեց տարիների ընթացքում համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում ուրվագծված սկզբունքները և տարրերը կարող են հիմք հանդիսանալ՝ հակամարտության արդար և տևական կարգավորման համար:

Հայկական կողմը կիսում է այն մոտեցումը, որ ժողովուրդները պետք է նախապատրաստվեն խաղաղության, ոչ թե պատերազմի: Դժբախտաբար, մինչ օրս ադրբեջանական ղեկավարությունն անում է ճիշտ հակառակը:

Մենք լիովին համաձայն ենք համանախագահ երկրների հետ առ այն, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, և որ միայն բանակցային կարգավորումը կարող է հանգեցնել կայունության, խաղաղության՝ ընձեռելով տարածաշրջանային համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ: Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա այս իրականությունը, այնքան ավելի մոտ կլինի հակամարտության կարգավորումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG