Մատչելիության հղումներ

Նռնակի պայթյունից տուժած երեխային վիրահատում են


Վնասվել են փոքրիկի ոտքերը։

Այսօր կեսօրին Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում տեղի ունեցած նռնակի պայթյունից 4-ամյա երեխան ու նրա դայակը մարմնական վնասվածքներ են ստացել. վնասվել են փոքրիկի ոտքերը։ Նրան սկզբում տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ապա Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից «Ազատության»-ը փոխանցեցին, որ երեխային վիրահատում են:

Ավելի վաղ, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 12։40-ի սահմաններում. վիճաբանության ձայներ լսելով՝ հարևանները զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ բնակարանում, հնարավոր է, սպանություն է կատարվում։

«Պարզվել է, որ անհայտ քաղաքացին վիճաբանել է կնոջ հետ, ով հանդես էր գալիս որպես դայակ մանկահասակ երեխայի՝ 4 տարեկան։ Վիճաբանության ընթացքում դեռևս չպարզված տեսակի նռնակ է գցել բնակարան ու հեռացել։ Տվյալ պահին, մեր տեղեկություններով, 4-ամյա երեխան՝ Էլենը, և դայակը՝ Անահիտը, գտնվում են հիվանդանոցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ավագ քննիչ Հակոբ Պետրոսյանը։

Նա նաև նշեց, որ հանցագործության մեջ կասկածվող 52-ամյա Մելիք Գալստյանին ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ նշելով, որ դեռ հայտնի չէ, թե քաղաքացին որտեղից է նռնակ ձեռք բերել և ի՞նչն է նրան դրդել նման արարքի։

Տուժած երեխայի պապիկը՝ Հարություն Գրիգորյանը «Ազատության»-ը պատմեց, որ Գալստյանն իրենց բարեկամն է ու նրա հետ խնդիրներ երբևէ չեն ունեցել։

«Հենց երեկ էլ նա մեր տանն էր», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով, - «Ամուսինը մտել է տուն։ Իրա կինն ու թոռս ստեղ նստած են եղել, նռնակը գցել է, թողել գնացել է ու պայթել է։ Բարեկամ է՝ բաջանաղս էր էդ անողը։ Պատճառ չուներ, մենք մոտիկ ենք եղել, շատ լավ ենք եղել։ Էս վերջերս եկել գնացել է, երեկ էլ է եկել, զանգել էլ է։ Բայց էսօր եկել, էդ բանն արել գնացել է»։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG