Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստան մուտք գործելու թույլտվությունից զրկված հայաստանցիների «սև ցուցակն» աճում է


Հայաստան - Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, Երևան, 11-ը նոյեմբերի, 2014թ․

Հայաստան - Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, Երևան, 11-ը նոյեմբերի, 2014թ․

Վերջին ամիսներին գրեթե կրկնակի ավելացել է այն հայաստանցիների թիվը, որոնք դուրս են եկել Ռուսաստանից և այլևս չեն կարողանում վերադառնալ՝ միգրացիոն օրենքները խախտելու պատճառով: Ընդ որում, այդ «սև ցուցակը» շարունակ աճում է․ եթե աշնանը խոսվում էր 30-35 հազարի մասին, ապա այսօր արդեն Ռուսաստան չի կարողանում մտնել 50-60 հազար հայաստանցի:

Հայաստանի ևս 150-160 հազար քաղաքացիներ ռիսկի խմբում են՝ նրանք դեռ Ռուսաստանի Դաշնությունում են, սակայն դուրս գալուն պես այլևս չեն կարողանա վերադառնալ: Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասում է՝ ներման միջնորդությամբ իրենց դիմողների թիվը կտրուկ ավելացել է հատկապես ամանորյա տոներից հետո․ - «Յուրաքանչյուր օր մեր ծառայություն է դիմում 50-60 քաղաքացի: Մենք նաև ստանում ենք դիմումներ մարզպետարանների կողմից»:

Միգրացիոն ծառայության մոտ այսօր էլ հերթ էր, Երևանից ու մարզերից տասնյակ մարդիկ եկել էին՝ հույսով, որ աջակցություն կստանան ու կմիավորվեն Ռուսաստանում թողած իրենց ընտանիքների հետ կամ կրկին կկարողանան աշխատանք գտնել և օգնել հարազատներին:

Երևանի բնակիչ Արտակ Դավթյանի կինն ու երկու մանկահասակ երեխաները Ռուսաստանում անելանելի վիճակում են՝ տանը աշխատող չկա, միակ աշխատողի օգնությունից զրկվել են նաև Արտակի՝ Հայաստանում բնակվող ծնողները:

«Կարելի է ասել՝ գոյատևում են, չեն ապրում, քանի որ ընտանիքի միակ ապրուստ հայթայթող ուժը ես եմ: Հայաստանի պայմաններում փորձել եմ մի քանի տեղ աշխատել, աշխատել ստացվել է, բայց այն գումարային պայմանները չեն, որ կարողանամ համ այնտեղ օգնեմ, համ այստեղ: Միակ տարբերակը երևի սա է, որ կարող է ինչ-որ մի կերպ օգնեն ընտանիքին հասնելու համար», - մեզ հետ զրույցում պատմեց նա:

Սեդա Արզումանյանը Ռուսաստանում է ապրել 18 տարի: Հիմա պարզվել է՝ այդ երկիր մուտք գործելու իրավունք չունի: Ընտանիքն այնտեղ է մնացել, ինքը՝ Հայաստանում:

«Իմ տունս, իմ տղաս․․․ ամեն ինչը այնտեղ է: Թոռնիկս․․․ թոռնիկիս հետ խոսում եմ՝ չի հասկանում: Խեղճ երեխային ի՞նչ բացատրես, հինգ տարեկան է», - պատմեց տիկին Սեդան:

Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Սամվել Մանուկյանը ևս ասում է, որ կարգ չի խախտել և չգիտի, թե իր մուտքը ինչո՞ւ է արգելվել: Այստեղ աշխատանք չունի և հուսով է, որ Միգրացիոն ծառայության օգնությամբ շուտով նորից կկարողանա մեկնել արտագնա աշխատանքի:

«Ինձ ոչ տուգանք է եղել, ոչ մի բան չի եղել, ես ազատ եկել եմ Հայաստան՝ հիմա չեմ կարող դուրս գալ Հայաստանից: Որ իմանայի՝ չէի գա», - ասում է նա:

Միգրացիոն ծառայության պետ Եգանյանի խոսքով, իրենց ուղարկված պատասխաններում ռուս գործընկերները չեն նշում արգելքի պատճառները,իսկ ընդառաջում են 5-ից մեկին միայն:

«Ռուսաստանի Դաշնությունից ստացված պատասխաններից դրական ելքով, այսինքն արգելանքը վերացրել են՝ 22-23 տոկոսն է կազմում», - նշեց նա:

Այժմ, Եգանյանի խոսքով, բանակցում են Ռուսական կողմի հետ, որպեսզի գոնե ավելացնեն ներման որոշումները:

Պաշտոնական տվյալներով տարեկան մոտ 200 հազար հայաստանցի է Ռուսաստան մեկնում՝ կարճատև ժամանակով աշխատելու։ Երկարատև աշխատանքի մեկնող հայ միգրանտների մոտ 70 տոկոսը ևս ընտրում է Ռուսաստանը:

Մի շարք փորձագետներ նշում են, որ տնտեսական ճգնաժամում հայտնված Ռուսաստանը այս կերպ փորձում է փրկել սեփական շուկան աշխատատեղեր ապահովելով իր քաղաքացիների համար:

XS
SM
MD
LG