Մատչելիության հղումներ

«Ուկրաինան գոյության պայքար է մղում»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը պատասխանում են լրագրողների հարցերին, Բրյուսել, 6-ը փետրվարի, 2015թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը պատասխանում են լրագրողների հարցերին, Բրյուսել, 6-ը փետրվարի, 2015թ.

«Պուտինը խաղաղության կոչ է անում, երբ իր զորքը մտնում է Ուկրաինա»

Այսօր Բավարիայի երկրամասի մայրաքաղաք Մյունխենում գումարվել է անվտանգության 51-րդ եռօրյա գագաթնաժովը, որի օրակարգում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի զարգացումներն են։

Մասնակիցների թվում են տասնյակ երկրների բարձրաստիճան ղեկավարներ և զինվորականններ, օրենսդիրներ և ռազմական փորձագետներ։ Գագաթնաժողովից առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը խոսել է Ուկրաինայի մասին» - «Ուկրաինան հենց այս պահին գոյության պահպանության պայքար է մղում: Ռուսաստանը շարունակում է սրել հակամարտությունը՝ ուղարկելով վարձկաններ, հրասայլեր և այն, ինչ մենք այլաբանորեն անվանում ենք «կանաչ մարդուկներ»` հատուկ մարզումներ անցած զինծառայողներ»։

«Նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է խաղաղության կոչեր անել այն պահին, երբ իր զորքերը մուտք են գործում Ուկրաինա՝ խախտելով իր իսկ վարչակարգի ստորագրած բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ Մինսկի համաձայնագիրը», - ասել է Բայդենը՝ համոզմունք հայտնելով, թե հիմա «ճշմարտության պահն է»․ - «Այս պահին Միացյալ Նահանգները և Եվրոպան պարտավոր են միասին լինել: Ռուսաստանին չի կարելի թույլ տալ վերաձևել Եվրոպայի քարտեզը, այն, ինչ նրանք հենց հիմա փորձում են անել», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

«Հիբրիդային պատերազմը»՝ քննարկման թեմա

Ենս Ստոլտենբերգի և Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթներից հետո Մյունխենի համաժողովում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի նախագահությամբ տեղի կունենա այսպես կոչված «հիբրիդային պատերազմի» թեմայով քննարկում։

«Հիբրիդային պատերազմի» վառ օրինակը 2014 թվականի գարնանը սկսված ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որի ընթացքում Մոսկվան պաշտոնապես հերքում է պատերազմին մասնակցելու իրողությունը, բայց զինծառայողներ ու փորձագետներ, զենք ու զինամթերք է տրամադրում ռուս անջատականներին և նրանց ամեն կերպ աջակցում է քարոզչական պայքարում։

Վաղը Մյունխենում ելույթ կունենան Գերմանիայի քանցլեր Անգելա Մերքելը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ իրավիճակն Ուկրաինայում օրըստօրե վատթարանում է։

«Մենք չենք կարող փոխզիջման գնալ Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում, Եվրամիությունը շարունակելու է սատարել Ուկրաինային, օգնել բարեփոխումներ իրականացնելու, արդիական, բարգավաճ և դեմոկրատական երկիր դառնալու հարցում», - ասել է Տուսկը։

Ֆրանսիան և Գերմանիան շարունակում են դիվանագիտական ջանքերը

Մյունխենում նախատեսված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի և Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հանդիպումը։ Երեկվանից գործադրվում են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքեր։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը երեկ այցելել են Կիև և բանակցել են Պորոշենկոյի հետ։ Այսօր Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Փարիզն ու Բեռլինը կողմերին առաջարկում են մի ծրագիր, որի մանրամասները չեն հրապարակվում։

Փորձագետները ենթադրում են, որ ծրագրի հիմքում անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Մինսկում ստորագրված համաձայնության դրույթներն են։ Նախագահ Պորոշենկոն երեկ ասել է, որ «ծրագիրը Արևելյան Ուկրաինայում հրադադար հաստատելու հույս է ներշնչում»։

«Մինսկի ծրագիրը շատ պարզ է՝ անհապաղ հաստատել հրադադար, ազատ արձակել բոլոր պատանդներին, փակել և հսկողության տակ առնել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները, հեռացնել Ուկրաինայի տարածքից բոլոր օտարերկրացի զինծառայողներին, Դոնեցկի և Լուգանսի տարածքներում անցկացնել Ուկրաինայի օրենքներին համապատասխանող տեղական ընտրություններ», - երեկ ընդգծել է Պորոշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG