Մատչելիության հղումներ

Մյունխենում մեկնարկում է անվտանգության հարցերով 51-րդ գագաթնաժողովը


Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Իշինգեր

Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Իշինգեր

Ռուսաստանը պատրաստվում է «դիմակայել քննադատությունների և սպառնալիքների տարափին»:

Գերմանիայում՝ Բավարիայի երկրամասի մայրաքաղաք Մյունխենում մեկնարկում է անվտանգության հարցերով 51-րդ գագաթնաժողովը, որի օրակարգի առանցքային թեմաներն են Ուկրաինայի ճգնաժամը, Եվրոպայում լայնածավալ պատերազմի հավանականությունը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, գագաթնաժողովի աշխատանքային փաստաթղթերից մեկում առաջարկված է քննարկման թեմա «Ռուսաստանը ա՞րջ է, թե՞ փուչ տեղ» վերնագրով: «Հավանաբար, Ռուսաստանը պետք է պատրաստ լինի դիմակայել քննադատությունների և սպառնալիքների տարափին, սակայն դժվար թե Մյունխենում կարողանան մաշկել ռուս արջին», - գրել է գործակալությունը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն արդեն հաստատել է նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը Մյունխենի հավաքին: Այդ մասին Թվիթերի իր էջում հաղորդել է նախարարության մամլո վարչության պետ Ալեքսանդր Լուկաշևիչը: «1902 թվականից անցկացվող Մյունխենյան գագաթնաժողովը միջազգային ամենահեղինակավոր հարթակներից է, որտեղ քննարկվում են արդիական առավել հրատապ հարցեր գլոբալ և եվրոպական անվտանգությունը, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վիճակը», - գրել է Լուկաշևիչը:

Գագաթնաժողովին ներկա կլինեն բազմաթիվ երկրների նախագահներ, վարչապետներ, արտգործնախարարներ, խորհրդարանականներ, ռազմական հարցերով փորձագետներ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ցանկանում է Մյունխենի հավաքի շրջաններում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Բացի այդ, նա կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին:

ՆԱՏՕ-ի խոսնակ Օաննա Լունգեսկուն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը որպես կառույց մտադիր չէ մարտական զենք տրամադրել Ուկրաինային՝ դա ՆԱՏՕ-ի անդամ երկրների խնդիրն է: «Մենք պաշտպանողական միջոցներ ենք ձեռնարկում, այդ թվում հաշվի ենք առնում Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիան, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ի անվտանգությունը, քանի որ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են նաև դաշինքի համար», ասել է խոսնակը:

ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներում արդեն քննարկում են Ուկրաինային մարտական զենք փոխանցելու հնարավորությունը:

XS
SM
MD
LG