Մատչելիության հղումներ

Մարտուն Գրիգորյան․ «Բողոքի նոր առիթ է ծագել Շիրակի մարզում»


Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում հունվարի 15-ի իրադարձությունների ժամանակ

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում հունվարի 15-ի իրադարձությունների ժամանակ

Հունվարի 12-ի դեպքը բացառիկ էր և արժե, որ բոլորը, այդ թվում իրավապահ օղակները բացառություններ անեն, հայտարարել է Ազգային ժողովի գյումրեցի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը:

«Դեռևս տաք են հունվարի 12-ի ոճրագործության վերքերը: Դեպքին հաջորդեցին գյումրեցիների հուզումներն ու բողոքի ցույցերը, քաղաքն իրարով էր անցել պատահածի անսպասելիությունից և ոճրի զազրելիությունից: Շատերը շատ ավելի դաժան հատուցման կոչեր էին հնչեցնում, քան ՌԴ հյուպատոսության շենքի վրա գրոհելը: Իրավիճակը Գյումրիում դարձել էր անկառավարելի: Բոլոր այն մարդիկ, ում համար կարևոր են Գյումրու եւ գյումրեցիների անդորրը, ձեռքները ծալած չնստեցին, այլ փորձեցին խաղաղեցնել մարդկանց: Միահամուռ ուժերով հաջողվեց վիճակը կայունացնել, կանխել հակաօրինական արարքները», - իր կայքում տեղադրված հայտարարությունում գրել է պատգամավորը՝ շարունակելով․ - «Ի ցավ մեզ, բողոքի նոր առիթ է ծագել Շիրակի մարզում՝ կապված հունվարի 15-ի ցույցի մասնակիցներից մեկի՝ սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի ձերբակալության հետ»:

«Որքան հայտնի է, ձերբակալվածին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և, բնականաբար, այս պահին ոչ ոք չգիտե, թե ինչ արարք է թույլ տվել նա: Այսուհանդերձ, ինձ համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված, որ դատախազությունը ձերբակալության սանկցիա է կիրառում այն պարագայում, երբ քննչական կոմիտեն կտրականապես դեմ է արտահայտվել: Հուսամ, որ հանրությունն այս անհասկանալի իրավիճակի բացատրությունը կունենա հնարավորինս շուտ», - հայտարարում է Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, գյումրեցի պատգամավորը տարակուսանք է հայտնում ձերբակալության կապակցությամբ և հարցնում. - «Արդյո՞ք հնարավոր չէ իրարանցման, գյումրեցիներին ափերից դուրս գալու ևս մեկ առիթ չտալ, արդյո՞ք մեկ ամբողջ տարածաշրջանի անդորրը պակաս կարևոր է, արդյո՞ք հունվարի 15-ի դեպքերից անհրաժեշտ հետևություններ չենք արել, արդյո՞ք սա անհաջող փորձ չէ շեղելու հասարակության ուշադրությունը մեր հիմնական պահանջից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG