Մատչելիության հղումներ

Ռուսաստան․ Սկոլկովոն դժվարություններ ունի


Տարիներ շարունակ Ռուսաստանի տնտեսագետները հիշեցնում էին երկրի տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման անհրաժեշտության մասին, ինչը կարող էր փրկօղակ դառնալ նավթի նվազող գների պայմաններում, սակայն այդ կոչերը դեռևս իրական գործողությունների չեն վերածվել, իսկ տնտեսական անկումը կանգնեցրեց առանց այն էլ դանդաղ զարգացող գիտական ծրագրերը:

Ռուսաստանյան Սկոլկովո գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտը, որն այս տարի ներկայացնելու է իր առաջին շրջանավարտներին, դեռևս չունի սեփական տարածք ու շինություններ:

Սկոլկովոն պատրաստվում էր նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների գլոբալ կենտրոնի վերածվել, սակայն ռուսական տնտեսության անկման և Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում համալսարանի ուսանողները նոր դժվարությունների են հանդիպել, ասում է Ձեռնարկատիրության և նորամուծությունների կենտրոնի ղեկավար Իլյա Դուբինսկին:

«Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սառեցումից հետո դժվար է գտնել այն մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն ֆինանսավորել ռիսկային ծրագրերը», - նշում է նա:

Դուբինսկու խոսքով՝ Սկոլկովոյի ուսանողներին աջակցող արտերկրյա մի շարք ընկերություններ այժմ կրճատում են իրենց գործունեությունը Ռուսաստանում և դադարեցնում այդ աջակցությունը:

Սկոլկովոյի ուսանող Դմիտրի Սմիրնովը ստեղծել է վառելիք տնտեսող շարժիչ, սակայն իր գյուտն իրականացնելու համար տնտեսական աջակցություն չի գտնում:

«Ծախսատար ծրագրեր ֆինանսավորող հիմնադրամների քանակը Ռուսաստանում բավականին սահմանափակ է, իսկ դրսի հիմնադրամների մեծ մասը լքում է Ռուսաստանը», - ասում է Սմիրնովը:

Սկոլկովոն հիմնադրվել է Ռուսաստանի ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք՝ որպես հանրահայտ ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի գործընկեր: Այն ժամանակ կառավարությունը նորաստեղծ համալսարանին 5 միլիարդ դոլար էր խոստացել, սակայն ներկա տնտեսական իրավիճակում Սկոլկովոն դժվար թե ստանա այդ գումարն ամբողջությամբ:

Ամեն դեպքում, մասնագետների կարծիքով, Ռուսաստանին նորամուծության և ձեռնարկատիրության մշակույթ ձևավորելու համար տասնամյակներ են անհրաժեշտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG