Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի համար մեծագույն վտանգ է ներկայացնում. Քերրի


Ռուսաստանը կխուսափի միջազգային մեկուսացումից միայն այն դեպքում, եթե ուկրաինական հակամարտությունը ստանա խաղաղ լուծում, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո Կիևում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին:

Քերիի խոսքով՝ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի համար մեծագույն վտանգ է ներկայացնում, և հարցի լուծման դիվանագիտական ուղիներ փնտրող Վաշինգտոնը «աչք չի փակի ռուսական տանկերի և սահմանը հատող կործանիչների վրա»։

Քերրին պաշտոնական Մոսկվայից պահանջել է Ուկրաինայի արևելքում հրադադարի անհապաղ հաստատում գործնականում, ոչ թե թղթի վրա:

Պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Ուկրաինա կատարած այցի հիմնական առիթներից մեկը պաշտոնական Կիևին տրամադրվող ռազմական օգնության ավելացումն է:

Պենտագնի ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Օբամայի թեկնածու Էշթոն Քարթերը չորեքշաբթի օրը Սենատում անցկացված լսումների ժամանակ հայտարարել է, թե ինքն էլ է հակված սատարելու Ուկրաինային ամերիկյան օգնության ավելացումը: Չի բացառել նաև մահաբեր զենքի տրամադրումը: Ինչպես հաղորդվում է, մինչև հիմա ԱՄՆ-ի վարչակազմը Ուկրաինայի իշխանություններին օգնել է «ոչ մահաբեր զենքով»՝ ռադիոկապով կամ գիշերային տեսանելիության սարքերով։

«Ինքնապաշտպանվելու համար անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային»,- ասել է Քարթերը:

Այնուհանդերձ, վերջին խոսքն Օբամայինն է: Սպիտակ տունը, որոշ գնահատականների համաձայն, անհանգստացնում է, որ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը կարող է սրել Ռուսաստանի հետ առճակատումը: Բայց ինչպես շաբաթվա վերջին հաղորդել էր New York Times-ը, Օբամայի վարչակազմը կարող է համաձայնել Ուկրաինային պաշտպանական նշանակության զենք տրամադրել, նախ և առաջ՝ հակատանկային հրթիռներ:

Ուկրաինական պատերազմի ընթացքում՝ անցած տարվա ապրիլից 5350 մարդ է զոհվել:

Այսօր Բրյուսելում են հավաքվել ՆԱՏՕ-ի անդամ պաշտպանության նախարարները՝ հայտարարելու արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին: Տարբեր վերլուծությունների համաձայն, ՆԱՏՕ-ն իր այս քայլով փորձում է նեցուկ լինել նախ և առաջ արևելաեվրոպական անդամներին՝ Բալթյան երկրներին, նաև մյուսներին՝ դիմակայելու ռուսական պոտենցիալ սպառնալիքին, եթե ուկրաինական ճգնաժամը դուրս գա վերահսկողությունից:

«Այս քայլը մենք ձեռնարկում ենք՝ պատասխանելու միջազգային օրենսդրությունը խախտող և Ղրիմը բռնակցած Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ևս մեկ անգամ Մոսկվային կոչ անելով դադարեցնել աջակցել անջատողականներին:

Այսօր Կիև են մեկնում նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, իսկ վաղը՝ փետրվարի 6-ին Մոսկվայում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ըստ Օլանդի, իրենք այդ այցերի ընթացքում կներկայացնեն Արևելյան Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ։

XS
SM
MD
LG