Մատչելիության հղումներ

logo-print

Մանկատան շրջանավարտը իրեն հասանալիք բնակարանին սպասում է արդեն 9 տարի


Ամուսնալուծվելուց հետո Մերին մեկ տարեկան երեխայի հետ ապրում էր մի հիմնարկության ամայի տարածքում, մինչև օգնության հասավ իր նախկին մանկատան՝ «Զատիկ»-ի տնօրենը: Այս պահին ժամակավոր կացարան է գտել․ իր նման ևս 17 աղջիկների հետ ապրում է մի քանի սենյականոց տանը՝ հուսալով, որ պետությունը մի օր կհիշի իր պարտավորությունների մասին:

Այսօր բնակարանի են սպասում մանկատների 227 շրջանավարտներ, որոնց հերթը տարիներով չի հասնում: 18 տարեկանը լրանալուց հետո նրանք դուրս են եկել մանկատնից ու այդպես էլ մնացել դրսում:

«18 լրացավ՝ պետք է դուրս գաս: Դուրս գաս ո՞ւր գնաս․ դա արդեն իրենց չի հետաքրքրում», - վրդովված ասաց Մերին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մերիի ու իր ընկերների խնդիրներին շատ լավ ծանոթ են: Ցավոտ խնդիր է, ասում են, սակայն դեռ չեն կարողանում լուծել:

Նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանի փոխանցմամբ, 2010 թվականից հետո բյուջեից գումար չի հատկացվել մանկատան սաներին բնակարանով ապահովելու համար:

Չնայած հստակ գումար չկա, բայց մշակվել է նոր ծրագիր, որով նախատեսում են վերագնահատել անցած 20 տարում առանց բնակարանի մնացած շրջանավարտների կարիքները: Այս նոր ծրագրերի շրջանակներում պետությունը նվազեցրել է իր պարտավորությունները: Այսուհետև եթե մանկատան սանը ծնողազուրկ չէ, 18 տարեկանից հետո նա բնակարային պահանջ պետք է ներկայացնի ծնողին, ոչ թե պետությանը:

«Եթե վերամիավորման հնարավորությունները բոլորը բացառվում են, դա նշանակում է, որ կա՛մ չկան, կա՛մ մահացել են իրենց մանկատուն հանձնելուց հետո, կա՛մ հոգեբուժարանում են հայտնվել և անգործունակ են ճանաչվել, նման դեպքում պետությունը պարտավորություն ունի մանկատունն ավարտած շրջանավարտի նկատմամբ և անպայման նրան կապահովի», - պարզաբանեց Հայրապետյանը:

Նոր ծրագիրը նոր խոստումներ է տալիս մանկատան շրջանավարտներին, իսկ հին պարտքերն այդպես էլ մնում են:

«Անընդհատ պետք է սպասել: Բայց ես չեմ հասկանում ինչ հերթականությամբ է դա տրվում, որովհետև ինձանից հետո գրանցվածները ավելի շուտ ստացել են», - ասաց Մերի Շաքարյանը:

Վերջին 7 տարիներին պետական բյուջեից ընդամենը երկու անգամ է գումար հատկացվել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար: Մեկը Շիրակի մարզի Մարալիկում կառուցված շենքն է, որը քչերին է գրավել՝ տեղում աշխատանքի բացակայության պատճառով:

Անցած տարեվերջին էլ շահագործման հանձնվեց Թբիլիսյան խճուղում կառուցված շենքը, որը, ըստ նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի, արդեն ամբողջապես բնակեցված է․ - «Այս պահին, ցավոք սրտի, որևէ բան չունեմ ասելու: Չնայած Քաղաքաշինության հետ համատեղ նաև հանձնարարական կար կառավարության կողմից ինվենտարիզացիա անցկացնել՝ ամբողջ հանրապետությունում հնարավոր այն շենքերը, շինությունները, որոնք կարող են վերակառուցվել ու վերանորոգվել, դառնալ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ»:

Մերին տարիներ շարունակ լսում է պետական կառույցների այս բացատրությունները, բայց դրանցով վստահաբար ընտանիք չես կերակրի, բնակարան չես գնի․ - «Մենք պահանջատիրական չենք խոսում: Մենք չենք ասում՝ պետություն մեզ կերակրի: Բայց եթե իրենք խոստանում են, որ այդ բնակարանը օրենքով մեզ հասնում է, այդ բնակարանը գոնե տան: Որովհետև ես կարող եմ աշխատել՝ հաց առնել, սնունդ առնել, բայց ես չեմ կարող այնքան աշխատել, որ բնակարան առնեմ»:

XS
SM
MD
LG