Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը:

Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը և այդ համատեքստում կարևորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նոր նախագծերի իրականացումը: Երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի ԵՏՄ-ին միանալը լայն հնարավորություն կստեղծի առևտրաշրջանառության աճի խթանման, նոր ներդրումների ներգրավման և նոր շուկաների ձեռքբերման համար:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև անցած տարի Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ կունենա Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպումից հետո վարչապետ Աբրահամյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդրանիկ նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG