Մատչելիության հղումներ

Լիցենզավորման նոր կարգը հարուցել է տաքսիստների դժգոհությունը


Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ցույց անցկացրին Կառավարության շենքի առջև լիցենզավորման նոր կարգի դեմ։

Ըստ օրենքում տեղ գտած վերջին փոփոխության, անհատ ձեռներեցները մինչև 4 մեքենայի համար ամսական պետք է 100,000 դրամ վճարեն կամ էլ գրանցվեն որպես ֆիզիկական անձ և մուծեն 12.000 դրամ։ Թող մեր աշխատանքի պայմանները բարելավեն, հետո միայն գումար պահանջեն՝ ասում էին ցուցարարները։

«Այս 2-3 տարվա ընթացքում մարդկանց արնաքամ են արել, տեսախցիկները, կարմիր գծանշանները, ԱՊՊԱ-ները, երթևեկության կանոնները։ Մարդիկ մեծ տուգանքների մեջ են մտել։ Մենք ուզում ենք այդ հարցերը լուծենք, նոր գնանք լիցենզավորվենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

«12.000 ամիսը պարտադրում են, այն էլ այս օրվա օրով, որ գործ չկա։ Գոնե թողնեն այս նեղ վիճակը անցնի ժողովրդի, ծանր վիճակ է», - դժգոհեց մեկ ուրիշ ցուցարար:

Հավաքվածներին հանդիպելու եկած տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին վարորդները խնդրում էին գումարի չափը իջեցնել կամ օրենքի այս փոփոխությունը գոնե մի քանի ամսով հետաձգել։ Բեգլարյանը հակադարձեց, որ անհատ տաքսու վարորդներն առաց այն էլ երկու տարի արտոնյալ պայմաններում են աշխատել։

«Մեկ բան եմ խնդրում, որ բոլորիցդ ուզում եմ բարձրաձայն լսել՝ երկու տարի ձեր արտոնյալ պայմանների համար շնորհակալություն կա՞», - հարցրեց նախարարը և ստանալով ցուցարարների հաստատական պատասխանը՝ անթաքույց ոգևորությամբ հիշեցրեց, որ նույն օրենքի փոփոխությամբ, օրինակ, վերացվել է տեխզննման և բուժզննման պահանջը։ Բացի այդ, տաքսի վարելու համար դեղին համարանիշ այլևս հարկավոր չէ։

«Այս օրենքը, որը ընդունվել է, նախկին օրենքից հարյուր անգամ լավն է: Իմ սուբյեկտիվ կարծիքն է ու տաքսու վարորդների մեծամասնության։ Յուրաքանչյուր անձ 12,000 դրամ վճարում է, ունենում է: Օրինակը ձեզ հիմա ցույց տամ՝ սա միայն տաքսու վրա փակցվում է, ու ինքը կարող է աշխատել տաքսու վարորդ», - նշեց Բեգլարյանը:

Վարորդները, սակայն պատասխանում էին, որ այսպիսով ցանկացած անձ, անկախ նրանից առողջ է, թե հիվանդ, կարող է տաքսի վարել։

Վարորդներից Մխիթար Օհանյանն էլ նշում էր, որ օրենքի՝ մեկը մյուսին հաջորդող փոփոխությունների պատճառով իրենք ստիպված են լինում ավելորդ ծախսեր կատարել։

XS
SM
MD
LG