Մատչելիության հղումներ

Բորդյուժա․ ՀԱՊԿ-ը բացարձակապես ադեկվատ է արձագանքում հայ-ադրբեջանական հակամարտությանը


Բորդյուժա․ ՀԱՊԿ-ը բացարձակապես ադեկվատ է արձագանքում հայ-ադրբեջանական հակամարտությանը
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Վերլուծաբանի խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողություններին ՀԱՊԿ-ի ոչինչ չասող արձագանքը վկայում է, որ դաշինքն այլևս չի գործում:

ՀԱՊԿ-ի արձագանքը Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի գնդակոծություններին, ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումներին «բացարձակապես ադեկվատ է», «Ազատության» հետ զրույցում ասաց կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նիկոլայ Բորդյուժան երեկ ժամանեց Երևան: Հայտնի է, որ երեկ էլ նրան ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, և այդ հանդիպման ժամանակ, ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ։

Բորդյուժան հակված չէր պատասխանել մեր հարցերին, և երբ փորձեցինք հստակեցնող հարց տալ ձեռքը թափ տվեց ու նստեց ավտոմեքենան։

«ՀԱՊԿ-ի դիրքորոշումը արտահայտվել է բազմիցս»,- միայն նշեց Բորդյուժան;

Թե ո՞րն է բազմիցս արտահայտված ՀԱՊԿ դիրքորոշումը, ինչի մասին ասաց կազմակերպության գլխավոր քարտուղարը, կարելի է կռահել Բորդյուժայի օրերս հնչեցրած հայտարարությունից: Հունվարի 30-ին Մոսկվայում հրավիրած ասուլիսում, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության վերջին շրջանի լարվածությանը, Բորդյուժան բացառել էր կազմակերպության կողմից որևէ ռազմական միջամտություն:

«Եթե դուք կարծում եք, որ մենք այնտեղ պետք է ինչ-որ ձևով ռազմական միջոցներով պատասխանենք, ապա դա հակասում է ՀԱՊԿ-ի հիմնական դիրքորոշմանը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնվելով առաջին հերթին Մինսկի խմբի վրա»,- ասել էր Բորդյուժան։

Հստակ չէ, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի՞նչ է մտածում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի նման դիրքորոշման կապակցությամբ:

Երբ լրագրողները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ պաշտոնական Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը, հայաստանցի պաշտոնյաները սովորաբար պատասխանում են՝ հայկական Զինված ուժերը կարող են ինքնուրույն ապահովել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

Հունվարի 27-ին ասուլիսում դարձյալ նման կերպ արձագանքեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.- «Չեմ կարծում, թե այս վերջին տարիներին, և մանավանդ հայկական զինուժի ընդհանուր ստեղծման և կայացման ողջ գործընթացը, որը որ բերել է մի այնպիսի իրավիճակի, որ Հայկական բանակը ապացուցել է, որ անընդհատ կատարելագործվող, հզորացող և զարգացող զինուժ է, այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ին»։

ՀԱՊԿ պայմանագիրը չի գործում

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի խոսքով, վերջին շրջանում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի ոչինչ չասող արձագանքը, իսկ ավելի հաճախ արձագանքի բացակայությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողություններին, վկայում են, որ հայ-ռուսական դաշնակցային պայմանավորվածությունը, ՀԱՊԿ պայմանագիրը չեն գործում:

«Դա սկսվեց այն ժամանակ, մոտ մի տարուց ավելի է, երբ Ռուսաստանը սկսեց նորագույն զենքեր վաճառել Ադրբեջանին, և արհամարհելով, ասելով, թե դա բիզնես է։ Այն ժամանակ արդեն մարդիկ սկսեցին հասկանալ՝ այս ի՞նչ ռազմավարական համագործակցություն է, որ դաշնակիցը զինում է քո թշնամուն»,- ասաց Սարգսյանը։

Վերլուծաբանի կարծիքով՝ իրականում լրջագույն խնդիրներ են ստեղծվել.- «Արդեն իսկ մենք նկատում ենք, որ Ռուսաստանը սկսում է իր ավանդական մոտեցումը ցուցաբերել, անընդհատ զիջում է անում Հայաստանի հաշվին։ Եվ արդեն զիջումները բերեցին նրան, որ մենք հիմա հասկանում ենք՝ կամ պիտի վերանայենք այս մոտեցումը ուրիշ հարաբերություններ կառուցենք, կամ պիտի հասկանանք, որ այս եղածի վրա մեր մենք անվտանգությունը արդեն իսկ չենք կարող ապահովել, ինչը արդեն օգոստոսից սկսած մենք ավելի կոնկրետ ենք տեսնում, որ մեր ուղղաթիռն են խփում, այդ մարդիկ կողմ են քաշվում, կարծեք, դա իրենց չի վերաբերում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG