Մատչելիության հղումներ

logo-print

Ծառուկյանը հայտարարում է հանրահավաքային պայքարը վերսկսելու մտադրության մասին


ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, թե ստիպելու են իշխանություններին հրաժարվել նեղ խմբակային շահերից:

Այսօր Աբովյանում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի նախաձեռնած քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը:

Հայրենի Աբովյան քաղաքում կառուցած շքեղ հյուրանոցում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ առաջիկայում վերսկսելու է փողոցային պայքարը․ նախ կլինեն մարզերում, ապա՝ համապետական մեծ հանրահավաք Երևանում: Ակցիաների նպատակը, սակայն, արտահերթ լուծումները չեն, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը շեշտեց, թե ընտրությունների միջոցով են իշխանափոխություն անելու:

«Մեր՝ օր օրի թափ առնող շարժման միջոցով, մեր ամենօրյա աշխատանքի և ցանկացած պահի լեցուն փողոցների և հրապարակների միջոցով ստիպելու ենք գործող իշխանություններին վերջապես զգալ սեփական պատասխանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու և նեղ խմբակային շահերից և պլաններից», - հայտարարեց Ծառուկյանը:

Միաժամանակ, սակայն, ԲՀԿ առաջնորդն այսօր էլ խոսեց արտահերթ ընտրությունների մասին, այս անգամ էլ ներկայացրեց հանրահավաքային վերջին ելույթի սցենարը՝ իշխանափոխությունը կպարտադրվի, եթե իշխանությունները չգնան զիջումների:

«Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:

«Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Բայց քայլերի ժամանակն անսահման չէ», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների թեման Գագիկ Ծառուկյանը չշրջանցեց: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին նախագահը հայտնելու է վերջնական դիրքորոշումը՝ հանրաքվե անցկացվելու է, թե ոչ:

«Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը՝ մերժելով առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ սահմանադրական փոփոխությունների փորձերը:

Կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, երբ տնտեսությունը գտնվում է ներքին և արտաքին գործոններով պայմանավորված խոր անկման մեջ, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել և պատճառ դառնալ հասարակական քաղաքական ցնցումների», - ասաց ԲՀԿ առաջնորդը:

Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը խիստ քննադատեց քաղաքական մենաշնորհը, իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, ընտրակեղծիքների դեմ պայքարից խոսեց, ասաց՝ երկրում սոցիալական և քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ է, Հայաստանին նոր որակի իշխանություն է պետք՝ կրթված մարդկանցով: Ինչպես Գագիկ Ծառուկյանը ձևակերպեց՝ մարդկանց համբերության բաժակը լցվել է:

«Վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունություններն այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին»:

«Մեկ անզգույշ քայլ, նույնիսկ մեկ անզգույշ բառ կարող է հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում: Մի բան հստակ է՝ դա կլինի անկառավարելի, հզոր ալիք»:

Համաժողվի ընդմիջմանը Ծառուկյանից հետաքրքրվեցինք, եթե ամեն ինչ այդքան վատ է, պահանջելու է արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը, կամ ե՞րբ է նախատեսված առաջիկա հանրահավաքը:

«Դեռ հանդիպումներ ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, մի շտապեք, ամեն ինչ ճիշտ ժամանակին: Բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ», - ասաց Ծառուկյանը:

Նոր հարցեր տալ, սակայն, այլևս չհաջողվեց, քննարկման կեսից Գագիկ Ծառուկյանն անվերադարձ լքեց դահլիճը: Իշխող Հանրապետականին «Բարգավաճ Հայաստան»-ը չէր հրավիրել այսօրվա հավաքին: Եռյակի գործընկերներից միայն «Ժառանգության» ներկայացուցիչներն էին՝ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի:

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես»-ն ավելի վաղ հայտարարել էր, թե չի մասնակցելու համաժողովին, քանի որ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ շփվում է երկկողմ կամ եռակողմ ձևաչափով: Փոխարենը, շուրջ վեց ժամ տևած երեք նիստերին իրար հերթ չտալով, ելույթ էին ունենում արտախորհրդարանական տասնյակ ուժերի առաջնորդներ՝ լիբերալներից մինչև կոմունիստներ, ներկա էին ազատամարտիկները, քաղաքագետներ:

Ծառուկյանի կուսակից՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ առաջնորդից ավելի կտրուկ խոսեց․ այլևս սպասել չի կարելի:

«Անկախությունից ի վեր երբեք նման իրավիճակ չի ստեղծվել, երբ ամբողջական իշխանափոխության պահանջը այսքան հրատապ լինի», - ասաց Օսկանյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը շեշտեց՝ իշխանափոխությունը պետք է արտահերթ լինի, առաջիկա ամիսներին, եռյակի առաջնորդները դրա շուրջ պետք է համաձայնության գան․ - «Հանրահավաքների հարթակներից, ամբիոններից հնչող ամենատարբեր բնույթի գեղեցիկ նախադասությունները, գնահատականներն ու տեսությունները այլևս անհամոզիչ են»:

Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր գլխավորած վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ-հնչակյան կուսակցության անունից պնդեց՝ իշխանություններին այլևս ժամանակ տալ չի կարելի․ - «Միգուցե շատերի համար դեռ վաղ է և դեռ ժամանակ կա մտածելու էդ ուղղությամբ, ես կարծում եմ, որ այդ ժամանակը արդեն սպառվել է»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել տարեվերջին՝ երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը քննարկելու համար։ Սակայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ խորհրդաժողովը հետաձգվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG