Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն պատրաստ է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել


Բաղդասարյան. - «Մեր դռները բաց են, ովքեր կկիսեն պատասխանատվությունը, և ոչ թե վերահսկողություն առանց պատասխանատվության»։

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին իշխող Հանրապետական կուսակցությունում խոսել անգամ չեն ցանկանում։ Ըստ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, նոր իշխանություն կարող է ձևավորվել միայն հերթական ընտրությունների միջոցով. որ ուժը առավելագույն ձայներ հավաքի, նա էլ կլինի իշխող։

«Ազատության» հետ զրույցում Բաղդասարյանը համաձայնեց Գագիկ Ծառուկյանի այսօրվա դիտարկմանը, թե Հայաստանում մեկ ուժ է իշխում՝ ընդգծելով՝ դա իրենց ընտրությունը չէ, և որ Հանրապետականն այս պահին էլ պատրաստ է Ծառուկյանի ղեկավարած կուսակցության հետ կոալիցիա կազմել։

«Մեր դռները բաց են, ովքեր կկիսեն պատասխանատվությունը, և ոչ թե վերահսկողություն առանց պատասխանատվության, ովքեր կկիսեն, մենք պատրաստ ենք համագործակցելու», - ասաց Բաղդասարյանը։

Ծառուկյանն այսօր հրավիրած համաժողովին նաև հայտարարեց, որ իշխանություններն այդպես էլ չկատարեցին ոչ իշխանական ուժերի 12 կետանոց պահանջները, իսկ ֆինանսական շուկայում տեղի ունեցած վերջին վայրիվերումն է՛լ ավելի բարդացրին իրավիճակը։ Վահրամ Բաղդասարյանի խոսքով, 12 պահանջներից շատերը Կառավարության ծրագրում արդեն ներառված են. ինչ հնարավոր է եղել իրականացրել են, մյուսներն էլ ժամանակի ընթացքում կիրագործեն։

«Ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի պատճառը Հայաստանից դուրս է», - հակադարձելով Ծառուկյանին՝ պնդեց Հանրապետական խմբակցության ղեկավարը. - «Բայց դա ֆորսմաժորային վիճակ էր և ոչ թե կապված էր միայն Հայաստանի ֆինանսական իրավիճակի հետ, դա ընդհանուր միջազգային տենդենց էր»։

Այսօր Ծառուկյանը նաև հայտարարեց, որ գնդակը իշխանության դաշտում է, սակայն քայլերի համար տրված ժամկետն անսահմանափակ չէ։ Բաղդասարյանը հակադարձեց՝ գնդակը միշտ է իրենց մոտ եղել։

«Եթե իշխանություն է, բնականաբար, գնդակը միշտ է իր դաշտում, և իշխանությունը միշտ քայլեր կատարող է, հետևաբար ոչ իշխանական ուժերը հանրությանը դուր գալու համար կարող են անհնարին և անիրագործելի ցանկություններ ունենալ, բայց մենք չենք շեղվում մեր ծրագրերից, մեր զարգացման ծրագրերից, և այն, ինչը հասու է, հասանելի է և իրագործելի է, մենք իրագործում ենք դրանք», - ասաց Բաղդասարյանը։

ՀԱԿ-ը, չմասնակցելով հանդերձ այսօրվա խորհրդաժողովին, պաշտպանեց Ծառուկյանի հայտարարությունները՝ պնդելով, թե Հանրապետականում թերևս չեն գիտակցում, որ ժողովուրդը այլևս իրենց չի վստահում։

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, իշխող ուժը չի կարող կառավարել երկիրը. - «Լավ, Հանրապետականը մի կարևոր բան չի հասկացել, որ ժողովուրդն այնքան իրենց չի վստահում, որ անգամ, եթե պատկերացնենք, որ հրաշքով նրանց ուղեղներում ծնվել է մի լավ գաղափար, մի լավ բարեփոխում, որ իրենք ուզում են անցկացնենք, դրան էլ ժողովուրդը կդիմադրի»։

Զուրաբյանը հաստատեց Ծառուկյանի հայտարարությունը, որ առաջիկայում՝ եռամսյա դադարից հետո, հանրահավաքներ են անցկացնելու մարզերում և Երևանում։ Թե ինչպես են շարունակելու պայքարը՝ կորոշվի առաջիկա օրերին կայանալիք երեք ուժերի ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Պետք է լավով, կամ վատով Հայաստանում ազատ և արդար ընտրությունների միջոցով ձևավորվի իշխանություն, ինչքան շուտ իրենք հասկանան, որ պետք է գնալ սահուն քաղաքական գործընթացների, որ արտահերթ ընտրություններով Հայաստանում ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, այնքան լավ կլինի երկրի համար և հենց իրենց համար, իշխող ռեժիմի ներկայացուցիչների համար», - ասաց Զուրաբյանը։​

XS
SM
MD
LG